Հին թաղամաս՝ նոր շունչ. Կոնդի վերակառուցման ծրագիրը Երևանի խոշոր ծրագրերից է: Կոլորիտային թաղամասի ռեստարտը շղթայի առաջին օղակն է լինելու. տնտեսական ու զբոսաշրջային ակտիվություն, նոր աշխատետեղեր. ծրագրի առավելությունները շատ են: Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցույթ է հայտարարված: Առաջին փուլի նախագծերը կան, ժյուրիի առաջին նիստն արդեն կայացել է: Գործընթացը համակարգում է քաղաքաշինության կոմիտեն:
Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Կլինի հայեցակարգային մրցույթ, որի շրջանակներում կդիտարկվեն հեռանկարային հիմնական ուղղությունները՝ ռազմավարությունը կմշակվի՝ կապված և՛ բնակիչների վերաբնակեցման, տարաբնակեցման հետ, և՛ ծրագրի իրագործելիության հաշվարկ, որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունքների իրատեսությունը:
Հիմա հերթն արդեն նախագծային լուծումներինն է: Ծրագրին մասնակցելու 45 դիմում էր ստացվել, վերջնական՝ նախագծային փուլ են անցել 16-ը: Արդեն այս փուլում պարզ կլինի, թե մասնակիցներն ինչպես են պատկերացնում Կոնդի նոր միջավայրը:
Նունե Պետրոսյան - Խնդիրը դրված էր, որպես պահանջ, որպեսզի պահպանվի հնի-նորի շարունակականությունը տարածքում, քանի որ Կոնդին անդրադարձ կատարվել է միշտ, որովհետև դա քաղաք է քաղաքի մեջ, դա մի տարածք է, որտեղ պահպանված է և՛ միջավայրը, և՛ քաղաքաշինական միջավայրը, ընդ որում՝ սա վերնակուլյար՝ առանց ճարտարապետի ճարտարապետության լավագույն օրինակն է:
Պետք է լսելի լինեն բոլոր կարծիքներն ու դիտարկումները. սա Կառավարության պահանջն է: Գլխավոր խնդիրը, որ դրված է մասնակիցների առաջ, հնի ու նորի հավասարակշռության պահպանումն է: 1000-ից ավելի կառույց ու 3000-ից ավելի բնակիչ ունեցող Կոնդում կարծիքները տարբեր են:
Նունե Պետրոսյան - Նրանք ևս բաժանված են տարբեր խմբերի, որը մենք նկատեցինք շրջայցերի ընթացքում: Ոմանք զգուշությամբ հարցնում էին՝ ուզում եք քանդե՞ք... Զգացվում էր, որ կապված են իրենց բնակավայրին, որ շարունակեն իրենց նույն կենցաղային պայմաններով նույն տեղում ապրել, իհարկե, բարեփոխման կողմնակից են, և կար հատված, որ շրջայցերի ընթացքում միանշանակ կողմ էր, որ մաքրվի:
Քանի որ նոր Կոնդը նաև հետաքրքրելու է զբոսաշրջիկներին, բնակիչները հնարավորություն կունենան նաև իրենց տարածքները դարձնել հյուրատուն կամ սպասարկման ոլորտի այլ օբյեկտ, և յուրաքանչյուրի ցանկությունը հաշվի է առնվելու:
Նունե Պետրոսյան - Որոշները գուցե կվերափոխեն իրենց, այդ հարմարվողական վերաօգտագործման միջոցով իրենց բնակարաններին կտան երկրորդ գործառույթները, որը կդարձնի առավել գրավիչ, կբարեկարգվի, կմաքրվի:
Առայժմ չկա Երևանի մյուս ամենահին՝ 33-րդ կամ Ֆիրդուս թաղամասի վերակառուցման նախագիծը: Այստեղ հուշարձան-շենքերի հետ կապված խնդիր կար: 11 հուշարձան-շենք կա այստեղ, նախորդ տարի ավելացավ ևս մեկը՝ Ֆիրդուսի 80-ը:
Լուսինե Իգիթյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ) - Էստեղ բոլոր հուշարձանները էս թաղամասում գտնվող, համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ՀՀ օրենքի՝ բոլորը պահպանվելու են: Ասեմ ավելին՝ 21-րդ հոդվածով արգելվում է հուշարձանների քանդումը:
Տարիների ընթացքում քաղաքացիները հատուկ պահպանության տակ գտնվող շենքերի տարբեր հատվածներում կցակառույցներ են ավելացրել: Իգիթյանի պնդմամբ՝ հուշարձանի պատմական ու գեղարվեստական տեսքը փչացնող շինությունները քանդվելու են: Սեփականատերերի հետ պայմանավորվածություն ունեն նաև, որ վթարային հուշարձանները ամրացվելու և վերականգնվելու են:
Լուսինե Իգիթյան - Հուշարձանի փոփոխումը կարող է տեղի ունենալ բացառիկ դեպքերում, երբ անհնար է այն օգտագործել իր նախնական գործառնական տեսքով և նշանակությամբ:
Թե երբ մայրաքաղաքի երկու հին թաղամասերը նոր լուծումներով կընդունեն քաղաքացիներին, դեռ պարզ չէ: Ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է՝ պարզաբանում են մասնագետները, հստակ կխոսեն միայն, երբ Կոնդի մրցույթի հաղթողը հայտնի լինի, Ֆիրդուսի նախագիծն էլ վերջնական կհաստատվի: