Արևմուտքից ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակությունը վերականգնելու ազդակներ են հնչում: Պետքարտուղարությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու տարբեր հարցումներին դրական է արձագանքում: Վաշինգտոնը սատարում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է՝ օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերին:
Այն որ Ղարաբայան հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել հենց Մինսկի խմբի համատեքստում, հաստատել են նաև Ֆրանսիայի և Միացյալ նահանգների արտգործնախարարները՝ հեռախոսազրույցում:
Ժան-Իվ Լը Դրիան, Ֆրանսիայի ԱԳ նախարար - Ես խոսել եմ մեր համատեղ գործողությունների մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար:
Պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է ոչ միայն շեղվել այդ ձևաչափից, այլև հայտարարում է հակամարտության վերջնական հանգուցալուծման մասին: Դեռ 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից հետո, միջնորդների՝ տարածաշրջան առաջին այցի ընթացքում Ալիևն ասել էր, որ համանախագահներին Բաքվում չէին սպասում: Նաև հայտարարել էր, որ Մինսկի խումբը 30 տարի ոչ մի բան չի արել, և Ադրբեջանը խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով:
Ալիևի ջանքերը հասկանալի են՝ նշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Եթե բանակցությունները վերսկսվեն, դրանք լինելու են մեկ հարցի՝ Արցախի կարգավիճակի շուրջ:
Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագետ - Ադրբեջանը չի ցանկանում խոսել Արցախի կարգավիճակի մասին, իսկ Մինսկի խումբ՝ նշանակում է կարգավիճակի հարցի քննարկում: Բաքուն հիմա առնվազն իր ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանն ասում է, որ պատրաստ չէ խոսել Արցախի կարգավիճակի մասին: Սակայն խնդիրը լուծված չէ:
Պատերազմից հետո Բաքում փորձում է ամրագրել դիրքերը՝ հավելում է Իսկանդարյանը: Սակայն, հակամարտության չկարգավորված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանը չունի վերահսկողություն Արցախի Հանրապետության մի մասի նկատմամբ:
Հարցը փակելու Բաքվի նկրտումների հետ համաձայն չեն բանակցային գործընթացի բոլոր կողմերը: Դեռ 2020 թվականի դեկտեմբերին տարածած հայտարարությունում համանախագահներն ընդգծել են՝ անհրաժեշտ է վերջնական և համապարփակ լուծում:
Նարեկ Մինասյան, քաղաքագետ - Նմանատիպ մեսիջներ ստանում ենք թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ֆրանսիայից: Համանախագահների ակտիվության այս գագաթնակետը դարձավ Շուշի չայցելելու փաստը, ինչը Բաքվում բավական բացասական ընկալվեց: Սա հստակ մեսիջ էր Բաքվին, որ բանակցություններն ավարտված չեն, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը:
Օրեր առաջ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանները չէին ընդունել Իլհամ Ալիևի՝ Շուշի մեկնելու հրավերը: Դա իրարանցում էր առաջացրել Բաքվում: Որոշ շրջանակներ նույնիսկ պահանջում էին պատասխանատվության ենթարկել դեսպաններին:
Լինի դա Մինսկի խմբի, թե այլ ձևաչափ, բանակցություններն ուշ թե շուտ պետք է վերսկսվեն՝ նշում են մասնագետները: Ալեքսանդր Իսկանդարյանն առանձնացնում է մի քանի հնարավոր տարբերակ:
Ալեքսանդր Իսկանդարյան - Մրցույթ է գնում այժմ, և ներկայացվում է մի քանի ձևաչափ՝ «Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա», «Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան»: Մինսկի խումբ, այսպես կոչված, «3 պլյուս 3»: Մինսկի խմբի ձևաչափն արդեն փորձված է: Համանախագահներն ասում են՝ եկեք փորձենք այն տարբերակը, որն արդեն եղել է, որն ավանդույթ ունի:
Բոլոր այս ձևաչափերից Հայաստանի համար առավել ընդունելին Մինսկի խումբն է՝ հավելում է մասնագետը: Պատերազմից առաջ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան չի կարող միջնորդի դեր ստանձնել: