Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձել է պատկերացնել, թե ինչպիսին կլինի իր առաջին օրը կանցլերի պաշտոնը թողնելուց հետո՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գուցե, սովորության համաձայն, առավոտյան մտածեմ, թե ինչ է ինձ այսօր սպասում, բայց հետո շատ արագ կհասկանամ, որ այդ խնդիրներն այժմ ուրիշ մարդ է լուծում: Կարծում եմ, որ այդ վիճակն ինձ իսկապես դուր կգա»,- ասել է քաղաքական գործիչը, որն այս տարի կդադարի լինել Գերմանիայի կառավարության ղեկավար: «Ես կսկսեմ մտածել իմ հետաքրքրությունների մասին, քանի որ վերջին 16 տարվա ընթացքում դրանց համար քիչ ժամանակ եմ ունեցել»,- հավելել է կանցլերը:
Այս տարի ավարտվում է Մերկելի պաշտոնավարման չորրորդ ժամկետը, և հինգերորդ անգամ նա չի առաջադրվում: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 26-ին: Հաղթող կուսակցությունը հնարավորություն կունենա առաջադրել կանցլեր կամ կառավարություն ձևավորել, ամենայն հավանականությամբ, այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիայով: Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (CDU) կանցլերի թեկնածուն Արմին Լաշեթն է, «կանաչներից»՝ Անալենա Բերբոկը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD)՝ Օլաֆ Շոլցը:
Հարցումների համաձայն՝ ընտրողների շրջանում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում CDU-ն, երկրորդ տեղում են կանաչներն ու SPD-ն: