Գեղարքունիքի մարզի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Մարտունու տարածքային կենտրոնն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 42,000 շահառուի․ այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է ՄՍԾ կողմից առավել արդյունավետ և հասցեական ծառայությունների տրամադրման կարևորությունը՝ այս համատեքստում շեշտելով նաև միջգերատեսչական համագործակցությունը։
«Միասնական սոցիալական ծառայությունը կայացման փուլում է, և այն պետք է դառնա տվյալ համայնքում կենդանի օրգանիզմ։ Անհրաժեշտ է համապարփակ գնահատել քաղաքացու կարիքները և սոցիալական աջակցությունից նրան ուղղորդել դեպի մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և զբաղվածության ծրագրեր»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել է սոցիալական ծառայությունների առավել հասցեական տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործման ու զբաղվածության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համատեղ աշխատանքների արդյունավետ կազմակերպման պատրաստակամություն է հայտնել՝ շեշտելով, որ քաղաքացիներին սոցիալական ծառայությունների պատշաճ մատուցման ապահովումը համընդհանուր առաջնահերթություն է:
«Շատ կարևոր է, որ քաղաքացին տարբեր կենտրոններ այցելելու փոխարեն՝ սոցիալական ոլորտին առնչվող հարցերի պատասխաններն այժմ կարողանում է մեկ վայրում ստանալ։ Նույնքան կարևոր է նաև, որ քաղաքացիներին տրամադրվող ուղիղ ֆինանսական օգնության փոխարեն ապահովվի նրանց կայուն զբաղվածությունը։ Դա հնարավորություն կտա ապահովել վերջիններիս ինքնազբաղվածությունը․ քաղաքացին կկարողանա հոգալ իր կարիքները, և այդ գործում պետությունն իր առանցքային դերը կունենա»,- նշել է Սանոսյանը։
Անդրադառնալով ՄՍԾ կատարելագործմանն ու զարգացմանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը վստահեցրել է՝ ծառայության ստեղծմամբ գործադրվում են բոլոր ջանքերը՝ հնարավոր նույնական աշխատանքների բացառման, դրանց օպտիմալացման և նախկինում միմյանցից անկախ գործող ծառայությունների արդյունավետ մեկտեղման ուղղությամբ։