Սննդամթերքի թանկացումը միջազգային շուկաներում վերջապես կանգ առավ։ 12 ամսվա մեջ առաջին անգամ այս հունիսին պարենային որոշ ապրանքների գներ սկսել են իջնել՝ արձանագրում են ՄԱԿ-ում։
Վարդան Բարսեղյան (ՄԱԿ-ի ՊԳԿ Հայաստանի գրասենյակի ավագ տնտեսագետ) - Մեկ տարի անընդմեջ բարձրանալուց հետո ՊԳԿ Պարենային ապրանքների գնային ինդեքսը անկում է գրանցել 2,5 տոկոսով՝ հունիսի ամսին:
Համաշխարհային այս ինդեքսներն են, որ բարձրանալիս ազդում են նաև հայաստանյան խանութներում վաճառվող ապրանքների վրա և ավելացնում գնաճը։ Դրանք հաշվում, տարբեր երկրներում ամենաշատ վաճառվող մթերքների գնային փոփոխությունը վերլուծում, անդամ-պետություններին զեկույցի տեսքով ուղարկում են FAO-ի մայր օֆիսից։
Հերթական զեկույցում ներառված են կարագից ալյուր ու շաքարավազ․․․ նաև մեր սպառողի համար ամենազգայուն ապրանքները։ Աշխարհի մասշտաբով՝ հունիսի դրությամբ սպասվում է ցորենի, արևածաղիկի, սոյայի, բրնձի լավ բերք, ինչի շնորհիվ էլ նվազել են դրանց միջազգային գները․ մեկնաբանում է՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակի ավագ տնտեսագետը։
Վարդան Բարսեղյան - Ըստ ՖԱՕ-ի զեկույցի՝ 21-22 թվականներին մենք ակնկալում ենք հացահատիկի բերքի աճ՝ 2017/18 թվականների համեմատ, իսկ հունիս ամսին գրանցվել է կարագի գնի ամենամեծ անկումը։ Գրանցվել է նաև բուսական յուղի գնի անկում՝ 9,8 տոկոսով։ Ցավոք, ունենք շաքարավազի գնի բարձրացում, որը վերջին 3 ամսիներին անընդհատ բարձրանում է 0,9 տոկոսով:
Շաքարավազը շաբաթից ավելի կլինի՝ մեր գնորդին էլ է մոլորեցրել։ Երևանյան այս մթերայինում ասում են՝ օրեր առաջ խանութը չէր էլ կարողանում այն ձեռք բերել, որ առաջարկի մարդկանց։
Վարդան Բարսեղյան - Շաքարավազի գինը ինչ-որ տեղ բարձանում է, ու պակաս կա, մի պահ նույնիսկ ֆիրմաները չէին տրամադրում շաքարավազ, հիմա տալիս են. հա՝ քիչ, բայց տալիս են:
Վաճառակետի մենեջերը՝ որը չի ուզում կադրում երևալ, տեղեկացնում է․ ապրանք մատակարորողները վերջերս թեթևակի իջեցրել են որոշ մթերքների գները։
Վարդան Բարսեղյան - Ձեթի գները հիմնականում իջել են մոտավոր 10 տոկոսի չափով, վերջին մեկ ամսվա մեջ, բրնձի գինը իջել է՝ 50-60 դրամ՝ կգ-անոց տուփերի մեջ, կարագի դեպքում էլի գնանկում է տեղի ունեցել՝ 5 տոկոս, 50-60 դրամ:
Աննշան այս էժանացումը, խանութում կարծում են, դժվար թե կապված լինի պարենի միջազգային գների փոփոխության հետ։ Հազիվ թե մեր ներկրողները հասցնեին նվազած արժեքով ապրանքի նոր խմբաքանակ ձեռք բերել ու երկիր տեղափոխել։ Ավելի շուտ դոլարի կուրսի տատանումն է ազդել։
Վարդան Բարսեղյան - Կարծում եմ՝ դա պայմանավորված է փոխարժեքով:
Նույնիսկ եթե ինչ-որ բան էլ էժանացել է, ընդհանուր ու տևական գնաճի ֆոնին՝ սպառողն այն դեռ չի զգում։ Ամեն օր խանութ է մտնում, ամեն ինչ թանկացած է՝ պնդում է այս կինը։
Խանութի հաճախորդ - Հացը, ալյուրը, ձեթը: Ձեթը, ասացին, 10 դրամով իջել է, բայց 200 դրամով բարձրացել է, 10-ով իջել, ո՞րն է դրա լոգիկան։ Բարձրացել է, ամեն ինչի գինը բարձրացել է, թե ե՞րբ կկարգավորվի:
Կսպասեն, տեսնեն՝ ձեթի շիշը նախկին 600 դրամին եր՞բ կվերադառնա։ Կվերադառնա՞: