Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը` տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
«Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են:
Առաջին 12.5 կմ-ի (կմ 25+000-կմ 37+500) հատվածը (հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն։
/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ ճանապարհի կմ 37+500-կմ 55+000 հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ։ Հիմնանորոգումը մեկնարկել է այս ամռանը։ 17.5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում կապալառուն կատարում է հողային աշխատանքներ։
/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը։ Այս հատվածում (կմ 55+000-կմ 68+000) կապալառուն՝ «Քարավան» ՍՊԸ-ն, իրականացնում է ճանապարհի պատվածքի սառը վերամշակման աշխատանքներ։
/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կունենանք Մ-2 միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ»,- գրել է Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում: