Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ ստորագրել է Կառավարության որոշում՝ հաստատելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար:
Ֆեյսբուքի իր էջում Հարությունյանը հայտնել է, որ հաշվառված շահառուներին բնակտարածքով ապահովելու նպատակով իրականացվում և իրականացվելու են, ի թիվս այլ միջոցառումների, բնակֆոնդի ձևավորման հետևյալ աշխատանքները.
Ստեփանակերտ քաղաքում կառուցվում են բազմաբնակարան շենքեր` շուրջ 1200 բնակարանով:
Հանրապետության գյուղական բնակավայրերում կառուցապատվում են առնվազն 20 նոր բնակելի թաղամասեր, որի շրջանակում կկառուցվեն ավելի քան 2297 բնակելի տներ ավելի քան 36 համայնքի տեղահանված բնակիչների համար: Այդ բնակելի տներից 1809-ի համար կկառուցվեն հիմքերը, իսկ թեթև կոնստրուկցիաներով դրանց կառուցումը կիրականացվի բարեգործական տարբեր ծրագրերով:
Ստեփանակերտ քաղաքի բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 1000 և երկրորդային շուկայից՝ ավելի քան 500 բնակտարածք:
Հանրապետության շրջանների բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 70 բնակարանի և երկրորդային շուկայից կգնվի և կվերանորոգվի շուրջ 1000 միավոր բնակտարածք:
Ծրագրի շրջանակներում ապահովվելու է նաև կառուցապատվող բնակավայրերի բարեկարգումը, ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը և բնակտարածքների կահավորումը:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Արցախի Հանրապետության պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
«Նման ծրագրերի միջոցով լուծելու ենք բնակարանային ապահովման կարիք ունեցող մեր բոլոր քաղաքացիների բնակարանային խնդիրը։ Նշեմ, որ նախապատերազմյան ժամանակաշրջանում գործող պետական բնակարանային ծրագրերը ևս ուժի մեջ են, և կառավարությունը շարունակում է զուգահեռաբար իրականացնել իր պարտավորությունները մնացած շահառու խմբերի հանդեպ»,- գրել է Հարությունյանը:
Հարությունյանը նշել է նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին առաջիկայում կանդրադառնա առանձին: