Քիմիական գազափուլային նստեցման սարքը շուտով կլինի հետազոտությունների լաբորատորիայում: Այն հնարավոր դարձավ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված գիտասարքերի և գիտանյութերի ձեռքբերման դրամաշնորհի միջոցով: Ժամանակակից համակարգով Նարեկ Մարգարյանը նախատեսում է ստանալ գրաֆեն և այլ նանոթաղանթներ: Գրաֆենն առաջանում է ածխածնի ատոմների շերտից, որոնք ունեն վեցանկյուն երկակի բյուրեղացանց: Այն մոտավորապես 200 անգամ ավելի ամուր է, քան պողպատը:
Նարեկ Մարգարյանը մի քանի տարի զբաղվել է գրաֆենի հետազոտություններով՝ ստանալով թաղանթներ հեղուկ՝ փուլային շերտազատման մեթոդով: Նոր ժամանակակից սարքը թույլ կտա բարելավել թաղանթների ձեռքբերման տեխնոլոգիան: 2004-ին ամերիկյան հեղինակավոր «Սայենս» ամսագրում Անդրեյ Գեյմն ու Կոնստանտին Նովոսյոլովը հրատարակեցին հոդված՝ հայտնելով, որ հայտնաբերել են գրաֆեն նյութի նոր կիրառում, որն զգալիորեն ավելացնում է ինտերնետի արագությունը: Գիտնականներն ապացուցեցին, որ գրաֆենի կիրառումը կապի սարքավորման մեջ կարող է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր անգամ ավելացնել տվյալների փոխանցման արագությունը: Գրաֆենի հայտնաբերման համար 2010-ին գիտնականներն արժանացել են Նոբելյան մրցանակի՝ ֆիզիկայի բնագավառում:
Գիտական խումբը դրամաշնորհի միջոցով նախատեսում է ստանալ գրաֆենային անցումով կիսահաղորդիչ սարք՝ գերարագ դեդեկտորներում կիրառելու համար: Փակագծեր բացելով՝ Մարգարյանն ասում է՝ կստանան կիսահաղորդիչ՝ կիրառելով տեռահերցային տիրույթում: Ծրագրի հետ մեկտեղ իրականացնում են մեկ այլ հետազոտություն՝ կիրառելի քաղաքացիական և ռազմական օբյեկտների համար: Խոսքը դարձյալ գրաֆենի կիրառությամբ ինֆրակարմիր ճառագայթների կլանիչ թաղանթների ստացման մասին է: Դա հնարավորություն կտա կառավարել ջերմային ճառագայթների հոսքը տվյալ տարածք:
Կատարաված ուսումնասիրությունները և արդյունքները տպագրել են միջազգային առաջատար պարբերականներում՝ տեղեկացնելով. ստանում են գրաֆեն՝ իրենց մշակած թեզերով: Հետազոտական աշխատանքներին Միացյալ Նահանգներից կամավոր միացել են երկու ամերիկահայ երիտասարդ գիտնականներ: Հայկն զբաղվում է կիսահաղորդիչների հետազոտմամբ, կոնտակտների պատրաստմամբ, իսկ Քնարն ուսումնասիրում է ինֆրակարմիր տիրույթի կլանիչ թաղանթները: Ամբողջ աշխատանքը միտված է նանոտեխնոլոգիաների զարգացմանը:
Նարեկ Մարգարյանը խնդիր է դրել բնության երևույթները բացահայտել առավել խորքային, հետո ստացված արդյունքները տեղափոխել կիրառական ոլորտ՝ գիտելիքահենք տնտեսություն ունենալու համար: