Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում տեղեկություն է հրապարակվել «Դելտա» շտամի ու այն կանխարգելելու մասին: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ պատվաստումներն արդյունավետ են և կանխում են հիվանդության ծանր ընթացքը:
COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Հարկ է նշել, որ այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «Ալֆա» շտամը, որը հայտնաբերվել էր դեռևս 2021 թվականի դեկտեմբերին:
«Դելտա» շտամի արագ տարածման վտանգավորության մասին իրազեկվածությունը թույլ կտա միջոցներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու համար: Առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` կրել դիմակ, հետևել ձեռքերի հիգիենային, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել մարդաշատ վայրերից հաճախ օդափոխել փակ տարածքները և այլն:
Կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման և հակահամաճարակային մի շարք կանոնների պահպանման միջոցով հնարավոր կլինի խուսափել վարակի տարածումից, կնվազի վարակվելու հավանականությունը, դրանով իսկ կպաշտպանի ձեզ և ձեր սիրելիներին COVID-19-ից, այդ թվում՝ «Դելտա» շտամից:
«Համավարակի դեմ պայքարի լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստվումն է: Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է պատվաստվել. հերթը ձերն է, պատվաստվե՛ք և պաշտպանվե՛ք: COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը որոշակի պաշտպանություն են ստեղծում վիրուսի նոր տեսակներից, քանի որ այդ պատվաստանյութերն առաջացնում են լայն իմունային պատասխան` ներառելով մի շարք հակամարմիններ և բջիջներ:
Ուստի, պատվաստանյութերն արդյունավետ են և կանխում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը: Ի դեպ, ըստ «PHE»-ի վերլուծության` COVID-19 պատվաստանյութերի 2 դեղաչափերը խիստ արդյունավետ են «Delta» շտամից հոսպիտալացման դեմ»,- նշված է հրապարակման մեջ: