Համավարակով պայմանավորված հեռավար քննարկումներից հետո սպասված հանդիպում՝ դեմ առ դեմ: Ավելի քան երկու տասնյակ սփյուռքահայ գիտնականներ եկել են Հայաստան: Օրակարգը հագեցած է՝ հանդիպումներ գիտական կառույցների հետ, հետազոտությունների հնարավորությունների ուսումնասիրում, գիտափորձերի մեկնարկ: Եվ կարևորը՝ Հայաստանում աշխատող գիտնականների հետ գտնել համատեղ աշխատելու նոր ճանապարհներ:
Նրանք Հայաստան են եկել աշխարհի առաջատար գիտական կենտրոններից՝ գաղափարից դեպի գործ նպատակի համար: Պատրաստ են մնալ երկար ժամանակ՝ նպաստելու հայ գիտական մտքին՝ հանուն վաղվա գիտելիքահեն Հայաստանի:
Միսակ Սարգսյան, Ֆլորիդայի միջազգային համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս - Հավատացեք, կան աշխարհում ճանաչված բարձրագույն մասնագետներ, ուզում ենք ինչ որ ձև ներգրավվել, որ գան Հայաստանում աշխատեն:
Սփյուռքում մեծ գիտական ներուժ կա: Պետք է բոլորին ներգրավել Հայաստանի գիտական կառույցների հետ համատեղ աշխատանքներին: Օվկիանոսից այն կողմ հայ գիտնականներն ստեղծել են միջազգային ֆիզիկոսների կենտրոն: Այն նպատակ ունի միջոցներ և պայմաններ ստեղծել՝ դրսից բոլորին բերել, հայկական միտքը կենտրոնացնել հենց Հայաստանում: Վստահ են՝ գործը տեսանելի կդառնա անգամ սովորական շփումներից:
Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնադիրներից Տեր-Կյուրեղյանը 38 տարի ղեկավարում է նաև Բերկլիի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը: Սեփական փորձով հաստատում է՝ գիտնականը կարող է համատեղել աշխատանքը՝ միջազգային փորձը ներդնելով հայրենի երկրում: Իր շուրջը համախմբել է 30-ից ավելի հայ գիտնականների, մշակել 5-ից ավելի ծրագրեր՝ Հայաստանում իրականացնելու համար:
Արմեն Տեր-Կյուրեղյան, Բերկլիի համալսարան, ԱՄՆ - Այստեղ տեսնում եմ շատ հսկա պոտենցիալ, բայց պետք է շատ ավելին անել:
Երկու շաբաթ Հայաստան ժամանած գիտնականները կիրականացնեն քննարկումներ, կփորձեն ի մի բերել հնարավորությունները: Նաև կմշակեն սխեմա՝ ինչպես աջակցել ժամանակակից լաբորատորիաներ հիմնելու գործին:
Անի Ապրահամյան, Ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն - Իրենք արդեն պատրաստ են քաջալերելու մեր երիտասարդ ուսանողներին:
Գիտնականներին ոգևորել է փաստը, որ գիտության ֆինանսավորումը պարբերաբար ավելանում է: Միակարծիք են, որ մոտ ապագայում և համատեղ ուժերով Հայաստանը տեսանելի կդարձնեն աշխարհի գիտական քարտեզի վրա: