Կրթական տեսչական մարմինը ստուգել է դպրոցականների հայոց լեզվի, մաթեմատիկայի իմացության մակարդակն ու արձանագրել՝ նախորդ նյութն աշակերտները լավ չգիտեն: Թվերը մտահոգիչ են:
Տեսչական ստուգումներ իրականացրել են 3 տարիքային խմբերում՝ 6-րդ, 9-րդ ու 11-րդ դասարանցիների շրջանում: Գրավոր աշխատանքով 9 դպրոցի 1000 աշակերտի գիտելիքներն են ստուգել: Աշակերտների մի մասը շատ կարևոր այդ առարկաներից անբավարար է ստացել: Նույն պատկերը կրկնվում է երկրորդ տարին անընդմեջ:
Ալեքսանդր Շագաֆյան (Կրթության տեսչական մարմնի ղեկավար) - Հայոց լեզվից ունեցել ենք 35 տոկոս անբավարար, մաթեմատիկայից էլ՝ ավելի վատ՝ 47 տոկոս: Ստացվում է, որ 1000 սովորողների միջին գնահատականը հայոց լեզվից 5 է, մաթեմատիկայից 4:
Համավարակով պայմանավորված՝ անցած տարվա արդյունքին վերապահումով են մոտենում, բայց այս տարվա ցուցանիշն արդեն լուրջ մտահոգվելու առիթ է տալիս՝ ասում է կառույցի ղեկավարը: Հատկապես որ քննությամբ հաջորդ դասարան տեղափոխվածների ու տեսչական մարմնի արձանագրած ցուցանիշներում ավելի քան 30 տոկոս շեղում կա:
Ալեքսանդր Շագաֆյան - Սա ընդհանուր համակարգային և տարիների խնդիր է:
Խնդիրը լուրջ է, պատճառներն էլ՝ խորքային: Մտահոգիչ թվերը փոխելու համար, ըստ կրթության փորձագետի, նախևառաջ նախադպրոցական կրթությունն է անհրաժեշտ զարգացնել, բոլոր երեխաներին մանկապարտեզ գնալու հնարավորություն տալ:
Սերոբ Խաչատրյան (Կրթության փորձագետ) - Երեխաների զգալի մասը մանկապարտեզ չի գնում, դպրոց գալիս են անպատրաստ, և ուսուցիչը չի կարողանում երեխաների համար լավ հիմքեր դնել:
Հայոց լեզվի հիմքերը թույլ են, մաթեմատիկայի պարագայում էլ առարկան բարդ է, դժվար ընկալելի: Խաչատրյանի համոզմամբ՝ ուսուցիչները մեծ անելիք ունեն՝ սկսած դասագրքերի տեղեկությունը մատչելի ներկայացնելուց մինչև աշակերտների մոտիվացիա:
Սերոբ Խաչատրյան - Սրա վերջը կարող է լինել այն, որ Հայաստանում չկարողանանք գտնել մարդիկ, որոնք կարող են բարձր վարձատրվող աշխատանքի հավակնել, որովհետև բավարար գրագետ չեն:
Որպեսզի գործատուն, հետո արդեն պետությունը փաստի առաջ չկանգնեն, մասնագետներն առաջարկում են խնդրին համակարգային լուծում տալ՝ ոլորտի ֆինանսավորման բարձրացումից մինչև նոր մոտեցմամբ մանկավարժների պատրաստում: