Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. սրանք ճանապարհատրանսպորտային պատահար ծնող հիմնական պատճառներից են: Կա ևս մեկը՝ հետիոտնի անզգուշություն: Անցած վեց ամսվա ընթացքում մեր երկրում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար: Հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ է: Կարող ենք արձանագրել, որ հետիոտնի մասնակցությամբ պատահարների մեծ մասը հենց հետիոտների անուշադրության, անզգուշության և ավելորդ ինքնավստահության հետևանք են: Այլ խոսքով՝ պատահարի մեղավորը հետիոտնն է:
Անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 2169 պատահարից 516-ը վրաերթ է, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։ Նման վիճակագրությունից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հետիոտները լրջորեն վերաբերվեն իրենց պարտականություններին՝ երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, ղեկավարվեն հետիոտնային լուսացույցի ազդանշաններով, չկարգավորվող հետիոտնային անցումներում երթևեկելի մաս դուրս գան՝ գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և փողոցն անցնեն միայն այն դեպքում, երբ համոզված են, որ անցումն իրենց համար անվտանգ է: Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Սրանք պարզագույն պարտականություններ են, որոնք անտեսողները երբեմն վճարում են կյանքով: Անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 516 վրաերթից 279-ի դեպքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել են հետիոտները։ Մի կետից մյուսը մի քանի վայրկյան շուտ հասնելու համար չարժե ճանապարհն անցնել չթույլատրվող հատվածներով՝ վտանգելով կյանքը, նաև անհարմարություն ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար:
Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են: