ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերի: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեպանների կողմից ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի որոշ շրջաններ Ալիևի նախաձեռնությամբ կազմակերպված այցի հրավերի մերժմանը, ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասներ: Գերատեսչությունը չի մեկնաբանել նաև Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպման արդյունքներով «Վաշինգտոնյան հռչակագիր» են ստորագրել, որով իրենց հավատարմությունն են հայտնել ժողովրդավարական սկզբունքների կիրառմանը: Փաստաթղթում նշված է նաև գերմանաամերիկյան ֆորումի ստեղծման և տնտեսական երկխոսության մասին: Հռչակագրի համաձայն՝ ԱՄՆ-ը և Գերմանիան ՆԱՏՕ-ն համարում են Եվրոպայի անվտանգության ապահովման գլխավոր մեխանիզմն ու ընդգծում հավատարմությունը համատեղ պաշտպանության սկզբունքին:
Հանդիպման ժամանակ կողմերը փաստաթուղթ են ստորագրել նաև էներգետիկայի ոլորտում և կլիմայի պաշտպանության հարցում գործընկերության վերաբերյալ:
Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ կարճատև հանդիպումից հետո վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել: Հարիրին չհաջողվեց ութ ամիսների ընթացքում կառավարություն ձևավորել: Վարչապետը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Միշել Աունի հետ չեն կարողացել փոխըմբռնման հասնել: «Այս երկրի հիմնական խնդիրը Միշել Աունն է, որը դաշնակից է «Հեզբոլլահի» հետ»՝ հայտարարել է Սաադ Հարիրին: Նրա հրաժարականից հետո, լիբանանյան ֆունտը հասավ բոլոր ժամանակների նվազագույն մակարդակին՝ գերազանցելով 21.000-ը ԱՄՆ դոլարի դիմաց:
Աֆղանստանի խաղաղ գործընթացին նպաստելու համար Ուզբեկստանը, ԱՄՆ-ը, Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել կոնսուլտացիաների նոր քառակողմ հարթակի ստեղծման շուրջ՝ հաստատել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, նաև հավելել, որ քառակողմ դիվանագիտական հարթակը նաև նպատակամիտված Է տարածանշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը:
ՄԵԾԱԹԻՎ ԶՈՀԵՐ ԵՎ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ
Գերմանիայում ավելի քան 1,3 հազար մարդ անհետ կորել է ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Գերմանիայի իշխանությունը հայտնել էին, որ Գերմանիայի արևմտյան մասում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ։ Անգելա Մերկելը հայտարարել է, որ ջրհեղեղի հետևանքները իր համար շոկային են:
Բելգիայի հարավում էլ հեղեղման զոհերի թիվը հասել է 11-ի. սա վերջին 20 տարվա ընթացքում հեղեղման հետևանքով գրանցված զոհերի ամենամեծ թիվն է: Միայն երեկ երկրում տեղացել Է անձրևների մեկուկես ամսվա նորման: Վալոնիայում լիովին ջրի տակ են անցել մի քանի տասնյակ բնակավայրեր, առանձնապես տուժել են Լիեժի նահանգը, Լիմբուրգը և Արդենների նախալեռնային շրջանը: