ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության մի շարք հարցերին՝ կապված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ:
Հարցերից մեկը վերաբերել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի՝ պաշտոնական Բաքվի նախաձեռնությունը մերժելուն ու Ֆրանսիայի արտգործնախարարի այցի ժամանակ ԼՂ խնդիրը քննարկելուն:
«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու է նա մասնակցել կամ չի մասնակցել որևէ միջոցառման: Մենք չենք մեկնաբանում նաև Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները: Կխնդրենք, որ այդ հարցով դիմեք Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններ»,- ասվում է հարցերից մեկի պատասխանում:
Օրերս պաշտոնական Բաքուն կազմակերպել էր Լեռնային Ղարաբաղի օկուպոցված տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցը, որին չեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեսպանները:
Անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկման մասին հարցին պետքատուղարությունը մատնանշել է ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Պետքարտուղարությունը նաև իր աջակցությունն է հայտնել խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ շեշտելով, որ «ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության հարատև կարգավորմանը՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»: