Հայ հանդիսատեսն առաջին անգամ կունկնդրի բարոկկո ոճի օպերային ներկայացում: Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» ստեղծագործությունը բեմադրվել է կարճ ժամանակում, դերերում Օպերային ստուդիայի ուսանողներն են:
Հասմիկ Պապյան (Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար) - Ես առավել քան համոզված եմ, որ մեր Սփյուռքում ապրող եվ աշխատող, և հաջողությունների հասած արվեստագետները պիտի վերադառնան Հայաստան ժամանակավորապես, պիտի աշխատեն, պիտի իրենց միջավայր ստեղծեն, պիտի իրենց փորձը փոխանակեն մեր երիտասարդների հետ, որպեսզի այս ձևով կրթվեն:
Ռեժիսորը փորձել է հանդիսատեսին ցույց տալ գլխավոր հերոսի՝ Օրփեոսի ներաշխարհը, Էվրիդիկեի միջոցով նրան հանել քաոսից:
Վռամ Կարապետյան (ռեժիսոր) - Այն պատմությունը, որ աստվածներից գնում ենք մինչև դժոխքը՝ այն մարդը, որը գնում է իր լուսավոր ներկայից, իր պարզատեսությունից մինչև այն պահերը, որ իր մտքի մեջ կարողանում է խորանալ:
Մոտ երկու ամիս ստեղծագործական խումբը աշխարհի տարբեր երկրների գրադարաններից փորձել է գտնել ստեղծագործության իտալերեն տարբերակը: Որոնումները բերել են Հայաստան՝ Օպերային թատրոնի գրադարան:
Հասմիկ Պապյան - 1924 թվականին Կոստանդին Սառաջևը բավական չէ, որ եկել էր Հայաստան, հետը բերել էր նաև իր գրադարանը, որի մի մասը նվիրել է Կոնսերվատորիային, մի մասը՝ Օպերային թատրոնին: Չեք պատկերացնում ինչպիսի գանձեր ունենք, որոնց մասին դեռ տեղյակ չենք: Դա այդտեղից հանեցինք, հրաշալի վիճակում:
«Օրփեոս և Էվրիդիկե» օպերան Տիգրան Ձիթողցյանի՝ որպես բեմանկարչի առաջին փորձն է: Առաջարկը ստանալիս մտածում էր՝ չի հաջողի, բայց ներկայացման փորձերը ցույց տվեցին, որ արժեր ռիսկի դիմել՝ ասում է Ձիթողցյանը:
Տիգրան Ձիթողցյան (նկարիչ) - Ուզում եմ նշել, որ բացի մեզանից՝ մեզ հետ աշխատում են ֆանտաստիկ ջահելներ, ուղղակի ֆանտաստիկ, վերջին օրերին մենք տուն ենք գնում ամենաշուտը առավոտյան 5:30-ին, աշխատում ենք ողջ գիշեր:
Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Աշնանը «Օրփեոսը» ճամփորդելու է Հայաստանից դուրս, բայց արդեն նոր դերակատարներով:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան