2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ Երևանում՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը:
«Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր:
Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի 15-ին կայացել է մարզային առաջին հանդիպումը․ օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կ. Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի գրասենյակի պատասխանատու Հ. Բերբերյանը և Հադրութի վարչակազմի գրասենյակի աշխատակից Ս. Հակոբյանը Շտաբի պետի հրամանով այցելել են Արագածոտնի մարզ, մասնավորապես, Թալին և Ապարան համայնքներ հանդիպելով այդ համայնքներում ժամանակավորապես ապաստանած տեղահանված արցախցիների հետ: Այստեղ, համապատասխանաբար, ապրում են՝ 17 ընտանիք Ապարանում, 16 ընտանիք՝ Թալինում:
Հանդիպումն ընթացել է ջերմ և անմիջական մթնոլորտում, քննարկվել են բազմաթիվ և տարաբնույթ հարցեր: Նշենք, որ որոշ հարցեր իրենց լուծումը ստացան տեղում, որոշները ներկայացվեցին դիմումների տեսքով՝ հետագա ընթացքավորման համար։
Հավելենք, որ Շտաբի կողմից դեպի մարզեր այցելությունները կրելու են պարբերական բնույթ:
Հանդիպման ժամն ու վայրը բնակիչներին կտեղեկացվի զանգերի միջոցով (համայնքի կողմից ընտրված զանգատերերին խնդրում ենք փոխանցել համայնքի մյուս բնակիչներին ևս)»,- հայտնում են օպերատիվ շտաբից: