Բելգիայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի արտգործնախարար Սոֆի Վիլմեսին, որում դատապարտում է Բելգիայի դեսպանի՝ այլ երկրների դիվանագետների հետ այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետություն՝ տեղեկացնում է infoteka24-ը:
«Ընդունելով այդ հրավերը՝ բելգիացի դիվանագետը, փաստորեն, մասնակցեց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քարոզչությանը, որի նպատակն է արդարացնել Բաքվի ձեռնարկած էթնիկ զտումները և ռազմական հանցագործությունները, որոնց արդյունքում Շուշիի, ինչպես նաև Արցախի որոշ հատվածների բնիկ հայ բնակչությունը տուժել են մի քանի ամիս առաջ:
Սա վտանգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ, խաղաղ և արդարացի լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերը: Բելգիական կողմի մասնակցությունը շատ զարմացրեց՝ հաշվի առնելով, որ Բելգիան և Դուք անձամբ անվերապահ աջակցություն եք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հետևաբար, ավելի լավ կլիներ, եթե հետևեիք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահների օրինակին, որոնք հրաժարվեցին մասնակցել այդ ուղևորությանը: Նրանց մերժումը հստակ ազդանշան էր, որ հակամարտությունը դեռ լուծված չէ»,- ասված է Բելգիայի արտգործնախարարին ուղղված նամակում:
Հիշեցվել է, որ ադրբեջանական զորքերի բարբարոսության պատճառով տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, և հիմա Ադրբեջանն անցել է պատմության խեղաթյուրման իր ծրագրին: Կոմիտեն անդրադարձել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստին:
«Բելգիայի դեսպանի մասնակցությունն այս այցին հակասում է Ձեր անձնական կոչերին: Որպես արտգործնախարար՝ Դուք պահանջում եք անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- ասված է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նամակում:
Լինելով Բելգիայի լիիրավ քաղաքացի, շարունակելով հարգել այդ երկրի, Եվրոպայի արժեքները՝ հանձնախմբի անդամները կոչ են արել կառավարությանը, մասնավորապես՝ արտգործնախարարին՝ դատապարտել Ադրբեջանի գործողությունները: