Ամերիկացի մի խումբ սենատորներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Կիպրոսի հարցով ճնշում գործադրել և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, խափանել Անկարայի անօրինական ծրագրերը։
Օկուպացված Հյուսիսային Կիպրոսի հսկողության տակ գտնվող ցանկապատված Վարոշա քաղաքը թուրքերը նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։ Վարոշան գտնվում է Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բուֆերային գոտում, ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974 թվականին վտարվել էին կիպրոսցի հույն սեփականատերերը:
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմոկրատական Քրիս Վան Հոլլենը, հանրապետական Մարկո Ռուբիոն և 11 սենատոր այդ կապակցությամբ նամակ են հղել նախագահ Բայդենին։
«Կոչ ենք անում Եվրամիության հետ նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում: Սենատորները շեշտել են, որ Թուրքիան իր ծրագրերով անտեսում է այս հարցով ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի կոչերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել էր Կիպրոսի նախագահին, որ Վաշինգտոնը կրկին կոչ կանի թուրքական կողմին՝ չեղյալ համարել Վարոշա նախկին հանգստավայրը բացելու որոշումը:
Թուրքական ԶԼՄ-ները նկատել են, որ նամակը հղվել է Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ։