Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանն իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է: Նրա խոսքով՝ ներկայություն ունենալով հայկական շուկայում` հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա. Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարանցիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և, հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները, անգամ դեպի եվրոպական երկրներ: Իրանցի փոխնախարարի կարծիքով՝ այս երթուղով կարելի է արտահանել տարբեր ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ: Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել:
*****
Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հանդիպել են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Քննարկման հիմնական թեման Աֆղանստանում շարունակվող ռազմական գործողություններն էին։ «Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը կարևորել է Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների մեկնարկը որքան հնարավ որ է շուտ»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հանդիպումից հետո Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձախողել է իր առաքելությունն Աֆղանստանում:
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳՆ նախարար - Ամերիկացիները հեռացան, ինչպես դա կարգադրեց նախագահ Բայդենը, քանի որ կարծում էին, թե իրենց առաքելությունն ավարտված է: Բայց բոլորը հասկանում են, որ առաքելությունը ձախողվեց, դա բացահայտ ընդունում են բոլորը՝ անգամ ամերիկացիները: Մենք կշարունակենք աշխատել եռակողմ խմբի՝ Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան շրջանակում: Մենք համագործակցելու ենք բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են օգնել կարգավորել իրավիճակն Աֆղանստանում:
*****
Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը: Բանաձևը հեղինակել է ընդդիմադիր երկու պատգամավոր: Նախագծին աջակցել են նաև իշխող կուսակցությունը և քաղաքական այլ ուժեր: Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը: Իրաքում ահաբեկիչների կողմից եզդիների ցեղասպանությունը դատապարտող բանաձև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 2018 թվականին:
*****
Եվրամիության և Եվրոպայի տնտեսական գոտու երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակն այս շաբաթ 64,3 տոկոսով աճել է՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ: Եվրոպայի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի հրապարակումը նշում է, որ հիվանդացության աճ է գրանցվել 20 երկրում: Առավել կտրուկ աճ է արձանագրվել 15-24 տարեկան անձանց թվում: Այս պահին ԵՄ-ի և ԵՏԳ-ի երկրներում հիվանդանոցների բեռնվածության մակարդակը մնում է կայուն: Եվրոպայի Հիվանդությունների կանխման և վերահսկողության կենտրոնը կանխատեսում է, որ օգոստոսի վերջին Եվրոպայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 90 տոկոսն առաջացած կլինի կորոնավիրուսի մուտացիայի հնդկական տարբերակից:
*****
8 ամիս փակ լինելուց հետո վերաբացվել է Փարիզի Էյֆելյան աշտարակը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դա եղել է առաջին երկարաժամկետ շրջանը, երբ աշտարակը փակ է եղել այելությունների համար: Ծափողջյունների և փողային նվագախմբի ելևէջների ներքո տասնյակ զբոսաշրջիկներ մտել են աշխարհի ամենահայտնի աշտարակի դռներից ներս: Վերաբացման արարողության ժամանակ Փարիզի խորհրդանիշի վրա ամուսնության առաջարկության արարողություն է եղել:
*****
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ջրհեղեղի պատճառով երկրի արևմուտքում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել: Գերմանիայի զինված ուժերի ավելի քան 850 զինվոր մասնակցում է աղետի հետևանքների վերացմանը: Զոհերի թիվը գերազանցել է 100-ը: 1300 մարդ համարվում է անհետ կորած: Գերմանիայում տեղատարափ անձրևները շարունակվում են երեկվանից, պատճառը «Բերնդ» ցիկլոնն է: Հիմնական հարվածը հասցվել է Գերմանիայի արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, ներառյալ Հռենոսը, դուրս են եկել ափերից և հեղեղել փողոցները:
*****
Բելգիայում հուլիսի 20-ը հայտարարվել է սգո օր`աննախադեպ ջրհեղեղի հետևանքով զոհերի մեծ թվի պատճառով: Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 23 մարդ, առնվազն 5-ը համարվում է անհետ կորած: Ավելի քան 40 տուն հոսանքազրկվել է, իշխանությունները խորհուրդ են տվել չօգտագործել ծորակի ջուր: Կառավարությունը գործարկել է Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը: Բելգիային օգնություն են տրամադրել Ֆրանսիան, Ավստրիան և Իտալիան: