ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է COVID-19-ի դեմ ՀՀ-ում օտարերկրացիների պատվաստման թեմային: Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեր երկրում օտարերկրացիների համար հասանելի դարձնելը մարդասիրական ու հակահամաճարակային նպատակով է: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է, որ այսուհետ վճարովի հիմունքով լինի օտարերկրացիների պատվաստումը:
«Տեսնելով, որ պատվաստման այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացել՝ կառավարությունը նժարի վրա պետք է դնի մի փոքր վճարը պատվաստման դիմաց, և այն, որ օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են Հայաստանը, ծախսում են գումարներ, և Հայաստանի վարկանիշն այս ընթացքում ինչպես է բարձրանում: Կարծում ենք՝ խելամիտ որոշում կկայացնի, և արդյունքը բոլորիդ հայտնի կլինի, իհարկե, եթե հետագայում հոսքերն այնպես մեծանան, որ իսկապես չկարողանանք կառավարել»,- ասաց Ավանեսյանը: