Միջազգային ասպարեզում խաղաղասիրական հայտարարություններ անող Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ գործադիրի նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: Սահմանային երեկվա միջադեպին հաջորդեց Ալիևի հայտարարությունը, որում նա հերթական անգամ Զանգեզուրը, Սևանն ու Երևանը որակեց իրենց նախնիների հողեր ու այդ համատեքստում պնդեց, որ բոլոր փախստականները վերադառնալու են հայրենի օջախներ: Խոսելով պաշտոնական Բաքվի այս ագրեսիվ հռետորաբանությունից՝ Փաշինյանը նկատեց՝ նման մարտավարությունը կանխատեսելի էր՝ այն նույնն է վերջին օրերին, նույնն է եղել նաև վերջին ամիսներին:
Վերջին երկու ամսում հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից երկու զոհ է եղել՝ նշեց Փաշինյանն ու ՀԱՊԿ-ի, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա: Անդրադառնալով Ալիևի այն պնդմանը՝ թե Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին, Փաշինյանը հիշեցրեց միջազգային միջնորդների ապրիլի 13-ի հայտարարությունը: Համանախագահները կոչ էին արել կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Նաև շեշտել էին, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա, իսկ դրանք երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն:
Անդրադառնալով Ալիևի կողմից հաճախ օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը՝ վարչապետի պաշտոնակատարը նորից հիշեցրեց՝ այն որևէ կապ չունի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հայտարարության հիմքի վրա ստեղծված երեք երկրի փոխվարչապետների աշխատանքային խմբի քննարկումների հետ: Փաշինյանի գնահատմամբ՝ այդ հայտարարություններն արվում են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը թույլ չտալու համար: Պաշտոնական Բաքվի նպատակն է շարունակել Հայաստանի շուրջ 30-ամյա շրջափակման քաղաքականությունը՝ շեշտեց Փաշինյանը:
Ադրբեջանը փորձում է ներկայացնել նաև, թե Հայաստանը դեմ է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին՝ նկատեց Փաշինյանը, հավելեց՝ իրականությունը, սակայն, հակառակն է, քանի որ հենց Ադրբեջանն է կեղծ քարտեզներով փորձում հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Խոսելով իրավիճակի հանգուցալուծման մասին՝ Փաշինյանը ընդգծեց, որ այդ հարցում պաշտոնական Երևանն ու միջազգային հանրությունը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարում նաև իր ստանձնած միջազգային մյուս պարտավորությունն ու ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Բաքվում դեռ պահում է հայ ռազմագերիների: Նրանց վերադարձը, նաև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումն ու ղարաբաղյան հարցի համապարփակ կարգավորումը Կառավարության առաջնահերթություններից են՝ շեշտեց վարչապետի պաշտոնակատարը:
Կառավարությունը հետևողական շարժվելու է այդ ուղղությամբ՝ եզրափակեց Փաշինյանը: