Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքում շուրջ 900 մ երկարությամբ ջրահեռացման և ոռոգման համակարգ է կառուցվել՝ համայնքային բյուջեի միջոցներով: Նորակառույց համակարգը երկու թաղամաս է ընդգրկում, ինչը նշանակում է, որ տեղի բնակիչների համար անցյալում է մնացել հեղեղումների վտանգը:
Էդիկ Բալաբեկյան (Լանջաղբյուր համայնքի բնակիչ) - Այստեղ դեռ սովետական տարիների՝ մի 40-50 տարի առաջ կառուցված առու էր: Ջրաբերուկները, այսօր էլ՝ էս պլաստիկ շշերը խցանում էին առուն, և նույնիսկ մի փոքր անձրևների դեպքում, էլ չեմ ասում հորդառատ անձրևները, վարարումներ է տվել, բավականին նյութական վնաս մարդկանց ցանքերին: Էս տարի կարողացան միջոցներ գտնել, և սա կառուցվեց:
Յուրիկ Բաղդասարյան (Լանջաղբյուր համայնքի ղեկավար) - Լանջաղբյուր համայնքում 2019 թ. Կառավարության սուբսիդիոն ծրագրով 16 մլն-ի ոռոգման համակարգ է կառուցվել: 70%-ը Կառավարության ներդրումն էր, 30%-ը համայնքային բյուջեով կատարվեց: Պակաս էր մնացել, ամբողջական չէր: 2021 թ. մեր համայնքային բյուջեով շարունակությունը կառուցեցինք:
Ջրահեռացման նախկին համակարգը լրջագույն խնդիրների պատճառ էր դառնում նաև ոռոգման սեզոնին: Համայնքի բնակիչներն ասում են՝ ջրի կորուստը 60-70% էր կազմում, ինչի հետևանքով ոռոգման աշխատանքները ձգձգվում էին:
Էդիկ Բալաբեկյան - Նախկինում կառուցվածը տարբեր տեղեր ջրի կորուստ էր գնում: Հիմնական սեզոնին, մանավանդ երբ ջուրը քիչ է, բոլորին չի հասնում, էս տարի էլ երաշտ էր, եթե նախկին առուն լիներ, այսպես, մեր գյուղական լեզվով ասած, 5-6 բահով ենք մենք ջուրը ասում, էլի, եթե մտնում էր առուն, բայց մենք ստանում էին 2-3 բահ: Իսկ էս պարագայում ջրի մի գրամի կորուստ տեղի չի ունենում:
Ռաշիդ Բաղդասարյան - Քանի որ կանալ չկար, էս ջուրը կորում ա կանաչների մեջ, հողի մեջ: Իսկ հիմա մի տասը րոպեում ջուրը հասնում է քեզ, հանգիստ, քո համար ջրում ես:
Հասմիկ Հակոբյան - Ես ջրել եմ երկու անգամ: Հիմա լավ ա էթում կորուստ չկա:
Լանջաղբյուրի շուրջ 20 կմ ընդհանուր երկարությամբ ջրահեռացման և ոռոգման ցանցի ևս 7-8 կմ հատվածը նույնպես բարեկարգման կարիք ունի: Տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են ևս մի քանի հատված էլ վերակառուցել 2022 թվականին՝ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերով:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան