Հայաստանում պատվաստվելու համար օտարերկրացիներն այսօրվանից պետք է առնվազն 10 օր մեր երկրում գտնվեն: Միայն այդ դեպքում նրանք կկարողանան օգտվել անհրաժեշտ դեղաքանակից: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշում է՝ որոշումը կայացվել է առկա և մատակարարվող պատվաստանյութերի քանակը կառավարելու համար:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Երբ կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք վերանայել այս պայմանները: Երկրորդը ստանալու համար գործում է նույն 10-օրյա պայմանը:
Պատվաստումը մեր երկրում, այդ թվում՝ մյուս երկրների քաղաքացիների համար անվճար է: Որոշումն ունի նաև տնտեսական բաղկացուցիչ, բացատրում է Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան - Կառավարությունը նժարի վրա պետք է դնի, թե արդյոք մի փոքր վճարը պատվաստման դիմաց և այն, որ քաղաքացիները գալիս են Հայաստան, ծախսում են գումարներ, և Հայաստանի վարկանիշը ինչպես է բարձրանում: Կարծում եմ՝ խելամիտ որոշում կկայացվի, եթե հոսքերը ավելանան, և դրանք մենք չկարողանանք կառավարել:
Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար օտարերկրացիների հերթը կանոնակարգելու համար գործարկվելու է հերթագրման ավտոմատացված համակարգ: Համացանցում այժմ տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչ պայմաններում են այլ երկրների քաղաքացիները սպասում պատվաստվելու իրենց հերթին և նույնիսկ գիշերում Հյուսիսային պողոտայում:
Անահիտ Ավանեսյան - Այսօրվանից աշխատանքներ են տանում, որպեսզի գործարկվի հերթագրման ավտոմատ համակարգ, և մեր հյուրերը հերթագրվեն, իրենց համարով մոտենան, ստիպված չլինեն ամբողջ օրը սպասել Հյուսիսային պողոտայում:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց՝ այս պահին պատվաստվել է մոտ 110 հազար Հայաստանի քաղաքացի: