Հուլիսի 13-ին կայացել է «Վերականգնումից մինչև Կայուն զարգացման նպատակներ 4-ի (SDG 4) առաջընթացի արագացում» խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կրթական հանդիպումը («Global Education Meeting-2021»):
Առցանց հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ավելի քան 60 երկրի կրթության նախարարների և փոխնախարարների, ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դասավանդողների, ուսանողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանն ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարար Կոյչի Հագիուդան` որպես SDG-Education 2030 ղեկավար կոմիտեի համանախագահ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է մեր երկրի կրթության ոլորտում COVID-19-ի դիմակայման համար ձեռնարկված կարճաժամկետ, ինչպես նաև համավարակի և համանման աղետների կանխարգելման երկարաժամկետ լուծումների, տեխնոլոգիական կրթության ուժեղացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու և արագացնելու 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և իր SDG 4-ի իրականացման գործընթացը` սովորողների համար ապահովելու որակյալ կրթության անընդհատությունը:
Հանդիպման ավարտին ընդունվել է ակնկալվող արդյունքների մասին փաստաթուղթ («Outcome document»)՝ համաշխարհային կրթության համագործակցության մեխանիզմներն ուժեղացնելու և այդ ուղղությամբ հետագա գործողությունները նախանշելու նպատակով: