Հուլիսի 15-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Մինչ օրենսդրական աշխատանքը սկսելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ՝ հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված զինծառայողի հիշատակը:
Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱԺ կազմը համալրած պատգամավորն ԱԺ նիստում երդվեց:
Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ քննարկվեց և ընդունվեց «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասի» ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում: