Հայաստանի տարածք մուտք գործելու պահանջներում փոփոխություններ են տեղի ունեցել: Պարզեցվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջները: Այսուհետև «կանաչ անձնագիրը» կարելի է ներկայացնել ինչպես թղթային եղանակով, այնպես էլ բջջային՝ QR կոդի օգնությամբ:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են` անձը մուտք գործելով Հայաստան, պետք է ներկայացնի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն ՊՇՌ հետազոտության՝ առավելագույնը 72 ժամվա վաղեմության բացասական արդյունքով սերտիֆիկատ: Հայաստան մուտք գործելու մյուս տարբերակը կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի անհրաժեշտ չափաբաժինը ստացած լինելն է ու դա հավաստող փաստաթղթի առկայությունը:
Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Ամբողջական պատվաստված է համարվում, եթե անձը, ըստ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի, ստացել է համապատասխան դեղաչափերը և վերջին դեղաչափից, 2 դեղաչափի դեպքում, անցել է առնվազն 2 շաբաթ, իսկ մեկ դեղաչափի անհրաժեշտության դեպքում՝ 1 դեղաչափից անցել է առնվազն 4 շաբաթ ժամկետ: Էդ դեպքում առանց ՊՇՌ թեստ հանձնելու կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Սերտիֆիկատը կիրառելի է բոլորի՝ և՛ Հայաստանի, և՛ օտարերկրյա քաղաքացիների համար: Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան երեխաների համար: Անդրադառնալով բժշկական տուրիզմի զարգացմանը՝ Սվետլանա Գրիգորյանը նշում է՝ այդ մասին ավելի փաստարկված կարելի է խոսել ապագայում, կարծում է՝ դրա նախադրյալները կան:
Սվետլանա Գրիգորյան - Հայաստանում կարող են պատվաստվել հուլիսի 15-ից հետո, եթե առնվազն ՀՀ տարածքում գտնվում են 10 օր և ավելի ժամկետով միայն Երևանի տարածքում գործող շարժական պատվաստումային կետերում՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով՝ մինչև դեկտեմբերի 20-ը:
Հեղինակ՝ Անի Դավթյան