Գողացած պետհամարանիշը հետ ստանալու համար մեքենայատերերն այլևս մեծ փողեր չեն վճարի։ Իսկ վճարել, հատկապես վերջերս, հաճախ էին ստիպված լինում՝ կապված Հայաստանում մոդա դարձած կողոպուտի նոր ձևի հետ։ Թիրախում առավելապես թանկարժեք համարանիշ ունեցող ավտոներն էին։ Քանի որ երկու համարանիշը կորցնելու դեպքում ոստիկանությունն այն չի վերականգնում, հանցագործները դա զույգով տանում ու վերադարձնելու համար գումար էին շորթում։ Հունիսի կեսի դրությամբ՝ 547 նման դեպք է գրանցվել, բացահայտվել՝ ընդամենը 10-ը։ Հաշվի առնելով կողոպուտի այս տեսակը բացահայտելու գրեթե անհնարինությունը՝ Կառավարությունն այս նիստում օրենքն այնպես փոխեց՝ վարորդին ֆինանսապես ձեռնտու լինի համարանիշի կրկնօրինակը վերցնել, քան բնօրինակի համար գողին փրկագին տալ։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացրեցինք հետևյալ որոշումը՝ պետտուրքով տալ համարանիշի կրկնօրինակը:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց 3 ամիս անց։ Բայց՝ կտարածվի բոլոր այն դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի հունվարի 1-ից հետո։ Արդյունքում՝ գողացածը հերթական թե գոլդ համարանիշ եղած լինի՝ դրանց սեփականատերերը կկարողանան այն վերականգնել միայն և միայն պետտուրք վճարելու միջոցով՝ հայտարարել է ոստիկանապետը։
Վահե Ղազարյան (ՀՀ ոստիկանության պետ) - Առաջարկվող նախագծով զույգ համարանիշի կորստյան դեպքում 12 հազարի դիմաց կհատկացվի նոր համարանիշի կրկնօրինակը՝ հերթական համարանիշին համապատասխանող արաբական թվանշանի գրառմամբ:
Առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում, օրինակ՝ նույն տառ-թվերի կոմբինացիայով համարանիշի վրա պարզապես կգրվի 1: