Հուլիսի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը քննարկման ներկայացրեց Կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:
Նշվեց, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախատումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:
Նախագծի ընդունմամբ՝ կհստակեցվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը, և արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեք իրականացնելու իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների դեմ առարկություններ չունի, ուստի հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին և ներկայացրեց խմբագրական բնութի առաջարկներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին: