ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արենի համայնքի ղեկավարը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։
«Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․5 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ $ 4․9) դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է նաև Վայոց ձորում` «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» և «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (SDC) համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը, կարևորելով նախաձեռնությունն ու ծրագրի շրջանակը, պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր ջանքերը ներդնել համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ՝ աջակցելով մարզի զարգացմանը և բնակչության կենսաապահովման մակարդակի բարձրացմանը։
WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշել է, որ ծրագրի ողջ ընթացքում որդեգրվելու է մասնակցային մոտեցում, որի համաձայն համապատասխան համայնքների և մարզպետարանի ներկայացուցիչները ներգրավված են լինելու ծրագրի իրականացման բոլոր փուլերում։
Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնել են ծրագրի իրականացման, կանխատեսվող ռիսկերի, նախատեսվող քայլերի վերաբերյալ հարցեր և այլ մանրամասներ: