Բարձր հաչոցով ու անհանգստությամբ Միլին՝ տան փոքրիկ շունը, ստիպեց տանտիրուհուն բացել դրսի դուռը:
Անահիտ Ավետիսյան - Ինձ թվաց՝ հարևանի երեխայի լացն է: Ոտքս կպավ կառոբկային, բացեցի, տեսա՝ երեխա է, լացում էր: Կառոբկի բաները բացեցի, գրկեցի, լացը կտրեց: 5-6 տարեկան երեխայի շորեր էր հագը՝ ճղած, քրքրած:
Երկու օր առաջ այսպես պատահաբար էլ Անահիտ Ավետիսյանը իր բնակարանի դիմաց հայտնաբերեց արկղի մեջ դրված նորածին երեխային: Առաջինն Անահիտին հարևաններն են օգնության հասել, հետո արդեն՝ ոստիկանությունը, շտապօգնությունը:
Անահիտ Ավետիսյան - Հենց վայր էի դնում՝ լացում էր, գրկում էի՝ ձայնը կտրում էր:
Մոտ 2 ժամ երեխան գրկին է պահել տիկին Անահիտը: Դեռ ուշքի չի գալիս, բայց երջանիկ է, ասում է՝ ընտիր երեխա է:
Անահիտ Ավետիսյան - Մի 2 կգ 700 գրամի չափ կլիներ, լավ էլ ծնվել էր, թերի չէր, թերի ոչ մի բան չուներ, հոնքերը նկարած էին, սիրուն:
Առողջ ծնվել է, բայց հիմա դեռ առողջ ապրելու համար է պայքարում: Արդեն 1,5 օր՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում է, երեխայի մոտ բնածին խնդիրներ չեն հայտնաբերվել։ Խնդիրները խնամքի ու սննդի բացակայության հետևանքն են:
Հրանտ Կալենտերյան («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար) - Նորածնին բերել են ծանր վիճակում, չմշակված, չկապված պորտով: Շնչառական անբավարարության նշաններով, բնականաբար, ինֆեկցված է այդ ամեն ինչից հետո:
Բուժական միջոցառումները այս 1,5 օրվա ընթացքում արդյունք արդեն տվել են՝ երեխայի վիճակը կայունացել է:
Հրանտ Կալենտերյան - Շնչառական անբավարարություն արդեն չունի, բայց դեռ հյուծվածություն կա, և ինֆեկցիայի զարգացման վտանգը լրիվ չի անցել, բայց նշաններ չունենք, որ զարգանում է:
Թե ինչքան կմնա հիվանդանոցում՝ դեռ հայտնի չէ: Կալենտերյանը նշում է՝ բացի բժշկական միջոցառումներից, փոքրիկին երեխաների խնամքի կենտրոն տեղափոխելու գործընթացը, սովորաբար, երկար է տևում։
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու երեխայի մոր ինքնությունը։
Անահիտ Ավետիսյան - Շատ ընտիր երեխա էր, սպիտակամորթ, մազերը՝ սև, երևում էր՝ բոյով աղջիկա լինելու, տոտիկները մեծոտ էր:
3 երեխա, 14 թոռ և 5 ծոռ ունեցող տիկին Անահիտն ասում է՝ եթե 72 տարեկան չլինեին, ինքն ու ամուսինը կպահեին փոքրիկին, բայց վստահ է՝ աղջիկն առանց ընտանիքի չի մնա:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան