Խորհրդարանը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի խտանյութերի և հարակից որոշ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգիչների նկատմամբ սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավորապես 15%-ի չափով ֆիքսված արտահանման լիցենզիոն տուրք: Նշվեց, որ ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում և ապահովում ընդերքից ստացած եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միջև: Ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյունկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ-ն կիրառի նման տուրք՝ միաժամանակ ապահովելով բյուջեի համար անհրաժեշտ նոր մուտքեր, իսկ տնտեսվարողների համար պահպանել բավականին բարենպաստ աշխատանքային միջավայր:
Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ անցած տարվա համեմատ աճել են պղնձի և մոլիբդենի արժեքները: Նմանատիպ գործողություններ կիրառվել են ոչ միայն Հայաստանում, այլև ՌԴ-ում, Չիլիում: Նախախատեսվում է վերանայել ռոյալթիների համակարգը՝ ընդերքի պաշտպանությունը ճիշտ իրականացնելու, եկամուտները ճիշտ բաշխելու և առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերում էին պղնձի գնի տատանումներին, ՀՀ-ում գործող պղնձի և պղնձի հանքերի շահութաբերությանը, հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման հայեցակարգին, ռազմավարությանը:
Ելույթում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագիծը տարիներ շարունակ սպասված է եղել հանրության կողմից: Թեև դեռ գործում է 7-րդ գումարման խորհրդարանը, նախաձեռնությունը նախընտրական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոստումներից առաջինն է, որ ի կատար է ածվում: Վերջինիս կարծիքով՝ ազգայնացվում է ՀՀ ընդերքը, որը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն է: Գաբրիելյանը գործընկերներին առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: