Կառավարությունը գումար հատկացրեց 4 ամիս ժամկետով՝ արցախցիներին հատկացվող ֆինանսական աջակցության ծրագիրը շարունակելու, հունիսի աջակցությունը տրամադրելու նպատակով: Խոսքը 68 հազարական դրամների մասին է, որ շահառուների մի մասը մարտից մայիս յուրաքանչյուր ամիս արդեն ստացել է: Ովքեր դեռ չեն ստացել, կառավարության այս հատկացումից հետո բոլորը միասին՝ հունիսը ներառյալ, կստանան:
Պատերազմից հետո մեր թիվ մեկ խնդիրն Արցախում սոցիալական կոլապս թույլ չտալն է եղել՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը, բայց Արցախի կառավարության, նախագահի հետ արդեն քննարկում են, որ պետք է սոցիալականից անցում կատարել այլ ծրագրերի:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Հընթացս պետք է անցում կատարվի զարգացման, աշխատանք ըխրախուսող և տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերին:
Այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունն Արցախին տրամադրվող միայն սոցիալական աջակցության բլոկով 61.8 մլրդ դրամ է հատկացրել՝ Փաշինյանի հարցին ի պատասխան արձագանքեց Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար - Կարող եմ աել, որ այս պահին մեր սոցիալական ծրագրերի հիմնական շահառուներն արցախցիներն են: Թիվ չհնչեցնեմ, բայց կարող եմ ասել, որ մոտ 104 000 շահառու 4-րդ անգամ է արդեն օգտվում աջակցության ծրագրից:
Արցախցիների բնակարանի վարձավճարի հատկացումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանք բնակարանով կապահովվեն՝ հայտարարեց Մհեր Գրիգորյանը: Բնակապահովման միջոցառումը դեռ մշակման փուլում է: