Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի գյուղն է: Պատերազմից հետո այստեղ տեղահանված ընտանիքներ են ընդունում: Համայնքում առկա տասնյակ ազատ բնակարանից մեկը հունվարին հատկացրել են Ստեփանյանների բազմանդամ ընտանիքին: Հարմարվել են գյուղական կյանքին, անգամ փոքրիկ տնտեսություն հիմնել:
Բելլա Ստեփանյան, տեղահանված - 68 հազարները, որ ստանում ենք, աշխատում ենք օգտագործել թե՛ տան, թե՛ թռչուններին կեր գնելու համար: Հավեր, բադեր ու խոզ ենք գնել: Երբ եկանք, մեզ 25 հատ հավի ճուտ տվեցին: Պահել, մեծացրել ենք:
Ստեփանյանները Կաղարծիում ժամանակավոր են: Մայրն ասում է՝ Շուշիի բնակիչներին կառավարությունը բնակարան կտրամադրի Ստեփանակերտում, իսկ ահա գյուղերից տեղահանվածները հետաքրքրվում են Կաղարծու միակ բազմահարկով: Պետական միջոցներով վերակառուցվում է գյուղի դպրոցական նախկին շենքը:
Գարուշ Սարգսյան, Արցախի Կաղարծի համայնքի ղեկավար - Սա նախկինում նախատեսված էր որպես դպրոցի շենք: 80-ական թվականներին սկսել են, մնացել է կիսակառույց՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ապա որոշ ժամանակ անց ենթարկվել է փոփոխությունների, քանդվել է, սպորտդահլիճն ինքն իրեն փլվեց:
Նորակառույցում լինելու է 2, 3 և 4 սենյականոց ընդհանուր 14 բնակարան: Ծրագիրն իրագործվում է պետական միջոցներով: Շինարարներն ասում են՝ շահագործման կհանձնեն հնարավորինս շուտ:
Գարուշ Սարգսյան - Որպես համայնքի ղեկավար, գոհ եմ աշխատանքներից: Հնարավոր է մինչև ամսվա վերջ կամ հաջորդ ամսվա սկիզբ լինի բարեկարգ վիճակում:
Բազմաբնակարանը շահագործելուց հետո շինարարական ընկերությունը կմնա այստեղ: Կաղարծի համայնքում հաստատված տեղահանվածների տներն Արցախի քաղաքաշինության նախարարության ֆինանսավորմամբ կնորոգվեն: Գևորգյանների բնակարանի տանիքն, օրինակ, արդեն փոխել են:
Նոնա Գևորգյան, տեղահանված - Նորոգել են տան տանիքը: Ասել են, որ ամբողջ տունն են նորոգելու:
Բնակարանաշինությանը զուգահեռ՝ Կաղարծիում ենթակառուցվածքներն են արդիականացվում: Գյուղ բերող 4 կիլոմետրանոց ճանապարհը շաբաթներ հետո կասֆալտապատվի: Նախատեսվում է բարեկարգել միջնակարգի թիրախավորված շենքն ու 13-րդ դարի Սուրբ Թարգմանչաց եկեղեցին: