ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ սահմանային իրավիճակին ու ընդգծեց, որ ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների՝ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում:
Խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար: Սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը և Արցախը իբր դեմ են խաղաղությանը, սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները նաև տեսնում ենք վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն իր խոսքում շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները միտված են թույլ չտալու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը:
«Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ առավել կարևոր է, հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ ՀՀ ապաշրջափակմանը»,- ասաց Փաշինյանը: