Ազգային ժողովը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նստաշրջանում քննարկեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ վարկային համաձայնագիրը (44.037.0 հազար եվրո գումարի չափով) ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 2017-ի ապրիլի 24-ին:
Ծրագրի նպատակն է հիմնանորոգել ճանապարհի՝ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը (երկարությունը՝ 51.74 կմ):
Ծրագրի ակնկալվող ավարտը 2020-ի նոյեմբերի 30-ն է, իսկ վարկի փակման ամսաթիվը՝ 2021-ի մայիսի 31-ը կամ որևէ այլ օր, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել վարկառուի և ԱԶԲ-ի միջև:
Սակայն կապված մի շարք հանգամանքների հետ՝ ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում հնարավոր չէ ավարտել, ուստի հաշվի առնելով, որ ներկա իրավիճակում շինարարական աշխատանքների ավարտման համար իրատեսական ժամկետ է 2021-ի օգոստոսի 31-ը` Ասիական զարգացման բանկի կողմից 2020-ի հոկտեմբերի 9-21-ը կայացած քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը (շինարարական աշխատանքների ավարտ՝ 2021-ի օգոստոսի 31, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2022-ի օգոստոսի 31 և 4 ամիս՝ ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման և կանխավճարային հաշվին առկա կանխավճարների լրիվ մարման համար):
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցն առնչվում էր Հայաստանի և Վրաստանի միջև կառուցվող Բարեկամության կամրջին, արդյոք այն նույնպե՞ս կառուցվում է այս վարկային համաձայնագրով:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Բարեկամության կամուրջը կառուցվում է մեկ այլ ծրագրով: Ըստ նրա՝ Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երկրի ճանապարհային ցանցն ընդգրկվի տարածաշրջանի ճանապարհային ցանցի մեջ: Խորհրդարանը կողմ քվեարկեց օրենքի նախագծին: