Նոր ձևավորվող խորհրդարանում պատգամավորները ընթացիկ ծախսերի համար արդեն կստանան ոչ թե 50, այլ 250 հազար դրամ: Այս նախագիծը, ամենայն հավանակությամբ, հեղինակներից Նիկոլայ Բաղդասարյանի պատգամավորական վերջին նախաձեռնությունն է, նոր խորհրդարանում հնարավոր է՝ չտեսնենք նաև մյուս հեղինակին: Վիկտոր Ենգիբարյանը «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի վերջին հորիզոնականներում է: Պատգամավորները, սակայն, որոշել են մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, իրենց պնդմամբ, հանրային շահից բխող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
Գումարը չի բարձրացվում, որպեսզի պատգամավորները գնան մարզեր, պարզապես ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները իրենց աշխատավարձի մեծ մասը ծախսում են այդ այցերի վրա, պնդեց Վիկտոր Ենգիբարյանը: Նիստերի դահլիճում քննարկումն ընթացավ առանց ընդդիմադիրների: Նախաձեռնությանը դեմ չէ նաև Կառավարությունը: Գործադիրի ներկայացուցիչը հիմնավորումները բավարար է համարում:
Արտահերթով ընդունված հաջորդ նախագծով կառավարությունը առաջարկում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի համար: էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախատեսվում է սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավոր 15%-ի չափով ֆիքսված արտահանման լիզենցիոն տուրք:
Քերոբյանի խոսքով` մեկ տոննա պղնձի գները անցյալ տարվա 6000 դոլարի համեմատ այժմ 9200-9300 դոլարի սահմաններում են, իսկ մոլիբդենի գները՝ 24 հազարի փոխարեն՝ 41 հազարի սահմաններում: Իսկ ինչ կլինի եթե միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ անկում լինի:
Ըստ Քերոբյանի՝ նախաձեռնության արդյունքում բյուջեի մուտքերը առաջիկա վեց ամսվա ընթացքում կավելանան 35 միլիարդ դրամով;
Խորհրդարանը ընդունեց ևս երկու օրինագիծ, որոնցից մեկով առաջարկվում է վավերացնել 2021 թ. ապրիլի 7-ին ստորագրված Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման վարկային համաձայնագիրը, այն նախատեսում է պայմանավորվածությունը երկարաձգել մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը:
Մյուս օրինագծով փոփոխություն արվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որը հնարավորություն կտա ապահովելու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը: