Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում, թեպետ հակառակն է հայտարարում: Հայաստանի Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնած սադրիչ առաջխաղացման փորձը, որի արդյունքում հայկական կողմը զոհ ունեցավ, հայ ռազմագերիներին չվերդարձնելը, հակառակի մասին են վկայում՝ ասում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, թե ինչն է ընկած Ադրբեջանի գործողությունների հիմքում:
Տարոն Հովհաննիսյան, Օրբելի կետրոնի վերլուծաբան - Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից ու Արցախի ճակատագրին խառնվելուց, այսինքն՝ ընդունի ադրբեջանական ուլտիմատումը, որ Արցախյան հակամարատությունն, իբր, կարգավորված է, ու որևէ հարց չի կարող բարձացվել:
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մյուս պատճառն, ըստ Տարոն Հովհաննիսյանի, Զանգեզուրով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք տալու պարտադրանքն է:
Տարոն Հովհաննիսյան - Այսինքն՝ ոչ թե իրականացնել այն, ինչ եղել է նոյեմբերի 9-ի համաձայնություններով, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում, այլ իրականացնել բացառապես Ադրբեջանի ցանկությունը՝ Սյունիքի տարածքով ավտոմոբիլային ու երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ, որի վրա Հայաստանը չի ունենա վերահսկողություն:
Հայաստանի ու Ադրբեջանի օրակարգը շատ տարբեր են. արձանագրեց ադրբեջանագետը՝ նշելով, որ Հայաստանը չի հրաժարվի Արցախի կարգավիճակից, ոչ էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարող զիջումներ կիրականացնի: Այս պայմաններում կողմերի միջև խաղաղության պայմանագրի մասին խոսելը Հովհաննիսյանն անիմաստ է համարում:
Տարոն Հովհաննիսյան - Խաղաղության պայմանագրի մասին այս պահին որևէ խոսք չի կարող լինել, որովհետև խաղաղության համար պետք է բոլոր ներգրաված կողմերը ցանկություն ունենան և պատրաստ լինեն ինչ-որ բան զիջելուն, իսկ Ադրբեջանի նախագահի գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ, այլև ցանկություն չունի:
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հրաձգության երեկվա միջադեպին հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունը, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց նախնինների հողերն են ու որ բոլոր փախստականները վերադառնալու են հայրենի օջախներ: Ադրբեջանի ղեկավարը պնդել է, որ Հայաստանը կարող է առերեսվել նոր պատերազմի, եթե չհամաձայնի խախաղության պայմանագրի: ԱԺ ամբիոնից թեմային անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ ասելով, թե Ադրբեջանը խաղաղություն ասելով հասկանում է ռազմավարի պուրակներ, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ:
Տաթևիկ Հայրապետյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Կցանկանամ խնդրել մեր միջազգային գործընկերներին տուրք չտալ Ալիևի քաչոզչությանը, չանել գործողություններ ու չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը և ագրեսիան, որովհետև սա սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համայն քաղաքակիրթ մարդկությանը:
Այս համատեքստում ուշագրավ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները Շուշի չայցելեցին, ինչն ադրբեջանական կողմը «դեմարշ» որակեց:
Տարոն Հովհաննիսյան - Իրենք ամեն կերպ փորձում են խնդիրը վերադարձնել բանակցային գործընթացի շրջանակներ, ինչի մասին հայտարարել են և, ընդհակառակը, անտրամաբանական կլիներ, եթե ադրբեջանական այդ շոուին մասնակից դառնային նաև Մինսկի խմբի համանախագահ երկրները, որովհետև իրենք հայտարարում են, որ հակամարտությունը լուծված չէ:
Ադրբեջանական վերջին ագրեսիվ գործողություններին անդրադարձել էր նաև Հայաստանի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: