Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք մշտապես եղել են բարեկամական: Միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույնատիպ և մոտ դիրքորոշումները, որոնք ուղեկցվել են կառուցողական համագործակցությամբ, մեր հարաբերությունների կարևորության ցուցիչն են:
Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման: Հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կկարողանանք սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հաջողություն և բարօրություն»,- ասված է Իրանի նախագահի ուղերձում: