ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն, դեսպան Սամանթա Փաուերին հարց է ուղղել՝ ցանկանալով տեղեկանալ՝ արդյոք Միացյալ Նահանգների վարչակազմը մտադի՞ր է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ավելի քան100 հազար հայերին օգնելու նպատակով 5 մլն դոլար գումարից բացի օգնություն տրամադրել:
«Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը խոստացել էր համագործակցել մեզ հետ՝ աջակցելու 100 հազար էթնիկ հայերին, որոնք տեղահանվել էին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: ԱՄՆ-ը 5 մլն դոլար կամ դրանից քիչ օգնություն է տրամադրել հայերին: Մտադի՞ր եք ավելի շատ օգնություն հատկացնել»,- հարց է ուղղել Բրեդ Շերմանը:
Սամանթա Փաուերը նշել է, որ զբաղվում են տեղահանվածների խնդրով: Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու այս հարցում, որի համար լրջորեն մտահոգված է: