Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ռուսաստան իրանական արտահանման համար: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ 2020 երկրորդ կեսից սկսած և հատկապես Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի տարածքով իրանական բեռնատարների տարանցման համար տարբեր պատրվակներով խոչընդոտներ են ստեղծում: Նշվում է, որ ադրբեջանական կողմն օրական 250 բեռնատարի փոխարեն թույլատրել է 30-ի անցումը, ինչի պատճառով բեռնատարները 8-10 օր անցակետում են մնացել: Քանի որ Իրանից Ռուսաստան հիմնականում գյուղմթերք է արտահանվում, կուտակումների և ձգձգումների պատճառով մթերքը փչանում է՝ դառնալով ֆինանսական կորուստների պատճառ:
Իրանական բեռնատարների համար խնդիր է նաև Ադրբեջան մուտք գործելու համար վճարվող գումարը, այն պարագայում, երբ ռուսական բեռնատարներից նման գումար չի գանձնվում:
Ըստ գործակալության՝ ռուսական շուկայում Իրանի համար լուրջ մրցակից է Թուրքիան, և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն իրանական բեռնատարների համար այդ խոչընդոտները ստեղծում է Անկարայի հրահրմամբ:
Նշենք, որ նախորդ տարվանից իրանական մամուլը բարձրաձայնում է Ադրբեջանի հետ Աստարայի (Իրան) սահմանին բեռնատարների հերթերի գոյացման խնդրի մասին: Իրանական ԶԼՄ-ների հրապարակումներում նաև ընդգծվել է, որ խնդիրն Ադրբեջանի կողմից արհեստականորեն է ստեղծվում: Հարցը քննարկվել է նաև 2021 թ. հունվարին Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Որոշում էր կայացվել, որ ադրբեջանական կողմն ավելի շատ բեռնատարներ է ընդունելու և բեռնաթափում չի իրականացվելու: Չնայած նման որոշմանը` մամուլում շարունակվում են հրապարակվել իրանական բեռնատարների հերթերը պատկերող լուսանկարներ: