«Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն զարգացման» քառամյա ծրագրի բյուջեն մոտ 4.5 մլն եվրո է: Աջակցության հասցեատերերն Աշոցքի, Ամասիայի, Անիի շրջանների գյուղական բնակավայրերի բնակիչներն են: Ծրագրի նպատակն է աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցումը՝ ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով։
Ֆինանսավորողները Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունն են, իրագործողը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ծրագրում առանցքային են բնապահպանությունը և հանրային կյանքում կանանց մասնակցության խթանումը։
Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացման ծրագրով ԵՄ-ի հետ գործակցության փաթեթն ընդլայնվում է արագ թափով։ ԵՄ ներկայացուցիչը ևս մեկ անգամ վերահաստատեց կառույցի հանձնառությունը՝ շարունակաբար աջակցել Հայաստանին և, հատկապես, մարզերին։
Շիրակի գյուղերում կստեղծվի 50 նոր աշխատատեղ, ֆինանսավորվող ծրագրերը կունենան մոտ 5500 ուղղակի շահառուներ։ Շիրակը պատահական չի ընտրված։
Ընտրվել է 29 բնակավայր, երեք խոշորացված համայնք ր իրականացվել է տարածքային գնահատում: Ընտրվել են այն բնակավայրերը, որոնք զարգացման ինդեքսով ճանաչվել են թույլ և միջին զարգացած։ Կարևոր չափանիշ է նաև համայնքների մշակութային ավանդական կապերի, պատմության առկայությունը։
Առայժմ հստակ հաշվարկ չկա, թե եկամուտների ինչպիսի աճ կլինի, բայց կազմակերպիչները վստահ են, որ Շիրակի մարզում ներդրվող գումարն էականորեն կբարձրացնի մարդկանց կենսամակարդակը գյուղական բնակավայրերում: