Անցնող օրերին իրադարձություններն Աֆղանստանում եթե չասենք՝ տարօրինակ, ապա բավական անսպասելի ընթացք ստացան: Թալիբները, ճիշտ է, դեռ շարունակում են կրարել՝ վերահսկողության տակ առնելով երկրի գրեթե 80 տոկոսը, սակայն, ըստ ամենայնի, ներքին պատերազմը մոտենում է ավարտին, և հիմա խոսքը Աֆղանստանի իշխանությունների հեռացման պայմանների մասին է միայն։ Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ իշխանության հանձնում չի լինի, քանի դեռ Աֆղանստանում հիմնական խաղացողներն իրենց բոլոր հարցերի պատասխանները չեն ստացել։
Իսկ պատասխաններ թալիբներն արդեն հասցրել են տալ թե՛ Մոսկվայում, թե՛ Թեհրանում։ Թե ի՞նչ են բանակցել «Թալիբանի» ներկայացուցիչները Իրանում՝ հստակ հայտնի չէ։ Ենթադրել կարելի է, որ կազմակերպությունը որոշակի երաշխիքներ է տվել, որ իշխանության գալու դեպքում հաշվի է նստելու Իրանի շահերի հետ, որոնք, ի դեպ, Աֆղանստանում բավական նշանակալից են՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ Չինաստանի հետ պայմանավորվածություն կա «Հարավ-հյուսիս» տրանսպորտային միջանցքի առումով՝ չինական ճանապարհն անցկացնել հենց Աֆղանստանի տարածքով։ Եվ եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Իրանը բավական լուրջ ազդեցություն ունի Աֆղանստանի փուշթուների շրջանում, ապա «հանգիստ կյանքի» համար Թեհրանի բարեհաճությունը թալիբների համար լրջագույն նշանակություն ունի։ Ասենք՝ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրների կարգավորմանը հասնելու երաշխիք Իրանը նույնպես ստացել է։
Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա թալիբները, ըստ պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկությունների, Կրեմլին երաշխավորել են, որ չեն փորձելու ներխուժել նախկին ԽՍՀՄ պետությունների տարածք, ինչպես նաև երաշխավորել են Աֆղանստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։ Սակայն այս բանակցությունների ամենահետաքրքիր կետն այն է, որ Թալիբանը պարտավորվել է պատերազմ մղել «Իսլամական պետության» դեմ։ Այս կետը հատկանշական է նրանով, որ բավարարում է Աֆղանստանում «խաղաղացող» բոլոր ուժերին, բացառությամբ, թերևս, մեկի՝ Թուրքիայի։ Եվ դա մի քանի պատճառ ունի։
Նախ՝ Թուրքիան արդեն տևական ժամանակ և անթաքույց սատարում է Սիրիայում գործող իսլամիստական կազմակերպություններին, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են «Իսլամական պետության» հետ, ինչը, բնականաբար, ենթադրում է, որ Թուրքիայի պնդումը, թե Աֆղանստանում իրենց ռազմական ներկայությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակում է, քննադատության չի դիմանում։ Սրանից բացի պետք է հաշվի առնել, որ ոչ միայն Իրանին և Ռուսաստանին, այլև Չինաստանին բոլորովին չի ոգևորում Թուրքիայի մուտքը Աֆղանստան։ Եվ թալիբները, որոնք, ի տարբերություն նախկինի, այժմ սովորել են դիվանագիտություն բանեցնել, որոշել են համադրել այս երեք հզոր խաղաղացողների շահերը՝ Թուրքիային հայտարարելով իրենց թշնամին։ Համենայնդեպս, երեկ «Թալիբանը» շատ կոպիտ զգուշացրեց Անկարային, որ վերջինի զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում թալիբները գնահատում են որպես օկուպացիոն քաղաքականության շարունակություն, և եթե Թուրքիան եղած զորախումբը հանելու փոխարեն փորձի մեծացնել իր ներկայությունն Աֆղանստանում, ապա դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ու ծանրությունը կընկնի Թուրքիայի ուսերին։