Այս գիշեր Սյունիքում անհանգիստ է եղել: ժամը մեկին մոտ Գորիսի Գետափնյա ու Նժդեհ փողոցների խաչմերուկում հնչել են կրակոցներ, կա երկու վիրավոր:
«Լուրերի» նկարահանման պահին տեղում աշխատում էին իրավապահները: Հարուցվել է քրեական գործ: Ըստ Քննչական կոմիտեի՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ապօրինի հրազենով կրակել են Գորիսի երկու բնակչի ուղղությամբ, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպի մասնակիցների անուններն իրավապահներն առայժմ չեն հայտնում, փոխարենը մամուլն արդեն գրում է, որ կրակոցների կիզակետում սյունիքի նախկին ու ներկա մարզպետների հարազատներն են: Շրջանառվում է մարզի գործող ղեկավար Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի անունը, իսկ հակառակ կողմից, ըստ լրատավամիջոցների, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին՝ Մելիքսեթ Բարսեղյանն է: Ըստ մամուլի՝ միջադեպի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՔՐԳՈՐԾԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները տարբեր տարիների հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Աղմկահարույց էր 2013-ին մարզպետ Խաչատրյանի տան բակում նրա որդու և մտերիմներից մեկի կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի գործը, թեև տուժող կողմը պնդում էր՝ Սուրիկ Խաչատրյանն էլ է եղել կրակողների թվում: Իրավապահներն այն ժամանակ Տիգրան Խաչատրյանի գործողությունները որակել էին ինքնապաշտպանություն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էին: Դրանից երկու տարի հետո, ըստ կոմիտեի, Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլում» ծեծի էր ենթարկել Զաքարյան եղբայրներին, ինչի հետևանքով Հարություն Զաքարյանը կորցրել էր մեկ աչքի տեսողությունը: Բռնության գործով անցնում էին նաև մարզպետի եղբորորդիները՝ Էյներ ու Մայիս Խաչատրյանները:
26-ամյա Տիգրան Խաչատրյանի անունը նաև հետախուզվողների ցանկում է հայտնվել: 2 տարի փախուստի մեջ լինելուց հետո այս գարնանը Դոհա-Երևան չվերթով նա վերադարձավ Հայաստան և տեղափոխվեց ոստիկանություն: Ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին չհամապատասխանող եզրակացություններ, որոնց հիման վրա 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում, ապա նույն մեթոդով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից:
Փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար մեղադրանք էր առաջադրվել նաև նախկին մարզպետի կրտսեր որդուն: Հարուցված քերական գործի շրջանակում դեռ 2018-ին Տրդատ Խաչատրյանը համալիր փորձաքննություն էր անցնել ու արդյունքում ճանաչվել զինվորական ծառայության համար ոչ պիտանի: Գործը կարճվել է:
Արդեն մեկ տարուց ավելի է հետախուզման մեջ է Սուրիկ Խաչատրյանը:
Սյունիքի նախկին մարզպետը մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածով: ՀՔԾ-ից հայտնում են՝ 2011-12 թվականներին Խաչատրյանը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով, Նորավան համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ նա գյուղին պատկանող, 5 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող, մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի հանձնի իր եղբորը: Բացի դրանից՝ ըստ ծառայության, 2016-ին Խաչատրյանը Ակների ղեկավարին հանձնարարել է գյուղից որոշ հողատարածք կեղծ աճուրդով օտարել իր կողմից նշված անձին:
Ըստ Խաչատրյանի պաշտպանի՝ մարզի նախկին ղեկավարը գտնվում է Ֆրանսիայում՝ բուժման նպատակով, և հայրենիք կվերադառնա այն ավարտելուց հետո: