Ֆրանսիայի ազգային տոնին՝ Բաստիլի օրվան նվիրված շքերթը գլխավորել է նախագահ Էմանուել Մակրոնը: Հուլիսի 14-ը Ֆրանսիայում նշվում է 1880 թվականից: Բաստիլի գրավումը համարվում է «Ֆրանսիական մեծ հեղափոխության» սկիզբը: Կորոնավիրուսի պատճառով անցած տարի ավանդական շքերթը չանցկացվեց:
*****
Անկարայում Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ Ստամբուլի «Գալաթասարայ» ակումբի հետ Աթենքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ըստ թուրքական աղբյուրների՝ երկու օր առաջ Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում հերթապահող սահմանապահները հրաժարվել էին ճանաչել թուրքական ակումբի ֆուտբոլիստների ներկայացրած կորոնավիրուսի թեստերի վավերականությունը՝ պահանջելով ևս մեկ ստուգում անցնել Հունաստանի տարածքում։ «Գալաթասարայի» ղեկավարությունը, սակայն, հրաժարվել էր կատարել հունական կողմի պահանջը, և թուրք մարզիկները նույն օդանավով վերադարձել էին Ստամբուլ։
*****
Վրացական ընդդիմադիր չորս հեռուստաընկերություն՝ «Մտավարի Արխին», «Պիրվելին», «Ֆորմուլան» և «Կավկասիան», 24 ժամով դադարեցրել են հեռարձակումը՝ բողոքելով հուլիսի 5-ին և 6-ին ազգայնականների կողմից լրագրողների վրա կատարված հարձակումների դեմ։ Վրաստանի ընդդիմադիր լրագրողները պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ պնդելով, որ հենց նրա ղեկավարած կառավարության հանդուրժողական վերաբերմունքն էր Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառը։ Այդ հարձակումների ընթացքում բռնության էր ենթարկվել «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան, որն օրեր անց մահացել էր:
*****
Արաբական Միացյալ Էմիրությունները դարձավ Ծոցի առաջին երկիրը, որ դեսպանություն բացեց Իսրայելում: Թել Ավիվում դեսպանատան բացմանը ներկա է եղել Իսրայելի նախագահը: Արդեն քննարկվել են տնտեսական գործակցության հնարավորությունները: Երկու երկրի հաշտեցման գործընթացը նախաձեռնել էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
*****
Եթե ռեակտորները կարիքն ունենան, Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 90 տոկոսի: Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին։ Նա նախագահի պաշտոնը կլքի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
*****
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Շանհայի Համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հավաքը։ Գագաթնաժողովի օրակարգային հիմնական թեման Աֆղանստանում ստեղծված կացությունն է։ Մասնակցել է նաև Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հանիֆ Աֆթարը։ Տաջիկստանի արտգործնախարարը հայտարարել է, որ կազմակերպության անդամներն աջակցում են Աֆղանստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության պահպանմանը, տնտեսական զագացումը խթանելուն, նաև ահաբեկչության, ծայրահեղականության ու թմրամիջոցների հետ կապված հանցավորության դեմ պայքարին:
*****
Ռուսատանում օրենսդրական նախագիծ է մշակվում, որով զանգվածային լրատվության միջոցներին կարգելվի հղում կատարել տելեգրամյան ալիքներով տրված տեղեկությանը և լուրերին։ Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի մինչ Պետական Դումայի ընտրությունը։ Ի դեպ, 2021-ի սեպտեմբերի 19-ին կայանալիք Ռուսաստանի խորհրդարանի ընտրությանը գրանցվել է 4270 թեկնածու: