Վրացական «Մթավարի Արխի», «TV Պիրվելի», «Ֆորմուլա» և «Կավկազիա» հեռուստաալիքները չորեքշաբթի մեկ օրով դադարեցրել են հեռարձակումը: Նրանք պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականը՝ կապված հուլիսի 5-ին ԼԳԲՏ-ի հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «TV Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան հետ՝ գրում է ТАСС-ը:
Վաղ առավոտից սև ֆոնին հեռուստաընկերությունների էկրաններին գրվում են ԼԳԲՏ հակառակորդների հարձակման ժամանակ վիրավորված 53 հոգու՝ լրագրողի, օպերատորի և լուսանկարիչի անունները:
Վրաստանի կառավարությանը քննադատող հայտարարություններ է արել նաև հանրապետության նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան:
«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 5-ին, երբ պետությունը չկատարեց իր հիմնական գործառույթն ու չկարողացավ պաշտպանել ո՛չ Լեքսո Լաշքարավային, ո՛չ մյուս լրագրողներին, քաղաքացիներին, ինձ համար ավելի քան բավարար է: Կարիք չունեմ մեծ հետաքննության»,- ասել է Գախարիան:
Վրաստանի նախկին վարչապետն այն տեսակետին է, որ երբ պետությունը չի կատարում իր հիմնական գործառույթները, պատճառը խարխլված ինստիտուտներն են: «Երբ որևէ երկրում բռնություն է տեղի ունենում, անկախ նրանից՝ ով է եղել բռնության կազմակերպիչը, կամ ով է խրախուսել այդ բռնությունը, պետության պարտականությունն է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը: Այն փաստը, որ պետությունը նախապես ինչ-որ բան գիտեր և զգուշացրել էր, միայն վատթարացնում է իրավիճակը, ոչ թե հեշտացնում այն»,- եզրակացրել է Գախարիան: