Կալանավայրերում արգելվում են հեռահաղորդակցության կապի միջոցները, մասնավորապես, բջջային հեռախոսները. սա Կառավարության 2006 թ. որոշումն է: Չնայած արգելքն ավելի քան 15 տարի գործում է, կալանավայրերում դատապարտյալների մոտ հեռախոսների պակաս չի եղել: Տևական ժամանակ, երբ բանտապանն ու դատապարտյալը համաձայնության են եկել, արգելքը չի գործել: Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի խոսքով բոլոր հնարավոր միջոցներն այսօր օգտագործում են հանցավոր այդ սխեման նվազագույնի հասցնելու համար, բայց խնդիրը վերջնականապես լուծում չի ստանում:
Գագիկ Մարկոսյան (ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ) - Օպերատիվ բաժինները ամենօրյա աշխատանքներ են անում այդ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև ՔԿ ծառայություններում տեղադրված են համապատասխան սարքավորումներ, որոնք շատ չնչին առարկաներն անգամ կարողանում են հայտնաբերել:
Հազարավոր հեռախոսների մուտքի և առգրավման փաստերով, օրինակ, 2019 թ. 37 ծառայողական քննություն է անցկացվել, և միայն երեք աշխատակից է ենթարկվել կարգապահական տույժի:
Քրեակատարողական ծառայությունից փաստում են՝ հեռախոսները ամենատարբեր միջոցներով են հայտնվում քրեակատարողական հիմնարկներում՝ հանձնուքից մինչև ազգակցի հետ տեսակցություն, անգամ փաստաբանն է փոխանցում իրականացնում, և ոչ միայն:
Գագիկ Մարկոսյան - ՔԿ-ներից դուրս, տարածքից ներնետման եղանակով փոքրիկ ծանրոցների փաթեթեներ են նետվում ՔԿ տարածք ու, իհարկե, նաև ՔԿ ծառայողների գործողությունների արդյունքում հայտնվում են անազատության մեջ գտնվողների մոտ:
Ի դեպ, հեռախոսների մուտքն ու օգտագործումը միայն բաց ուղղիչ հիմնարկներին է թույլատրված: Վերջերս քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները կապի տարբեր միջոցներով՝ բջջային հեռախոս, ինտերնետ, ինչպես նաև բաժանորդային քարտերով հանցավոր համաձայնության գալով միմյանց, այնուհետև՝ ազատության մեջ գտնվող մի շարք քաղաքացիների հետ, գրեթե 4 տարի, բազմաթիվ տնտեսվարողներից խաբեությամբ գույք են հափշտակել:
Վարդան Թադևոսյան (ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ) - 2017 թ. մայիսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 37-ամյա դատապարտյալը բջջային հեռախոսով կապ է հաստատել «Հրազդան» ՔԿ հիմնարկի՝ իր ծանոթ դատապարտյալի հետ՝ խնդրելով նրան այլ անձի տվյալներով հիմնել ՍՊԸ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և տնտեսվարողների միջավայրում հեղինակություն վայելող լինի ու կարողանա գործարք կատարել:
Գործարքի մեջ հայտնված անձանցից մեկը, չիմանալով իրական նպատակների մասին, պետռեգիստրում իր տվյալներով ընկերություն է հիմնել, հետո փոխկապակցված համաձայնության են եկել ինչպես անազատութան, այնպես էլ ազատության մեջ գտնվող համախոհների հետ, տեղեկություններ հավաքել մի շարք տնտեսվարողների ու մասնավոր կարգով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վերաբերյալ, կապ հաստատելով մի շարք ընկերությունների հետ՝ ներկայացել են Հայաստանում գործող հեղինակավոր ընկերությունների ղեկավարի, հաշվապահի, աշխատակցի անունից, ավելի վստահելի թվալու համար անգամ սակարկել իրացվող ապրանքի գնի, որակի, քանակի վերաբերյալ՝ անկանխիկ ապրանք ձեռք բերելու համաձայնություն ստացել ու բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների միջոցով՝ դրանք տեղափոխել են այլ վայր և հափշտակել։
Վարդան Թադևոսյան - Ստեղծել են մի խումբ, որտեղ աշխատել են բանից անտեղյակ վարորդներ, որոնք, փաստորեն, ապրանքները Ա կետից տեղափոխել են Բ կետ: Այս ամենին աջակցել է ազատության մեջ գտնվող գործընկերներից մեկը՝ 45-ամյա մի կին: 37-ամյա տղամարդը կալանավորվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: