Մեքենան շահագործվում է թե ոչ․․․․ Եթե հայկական համարանիշ չունի, այսինքն՝ երկիր է բերվել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, առաջիկայում պետք է վերաարտահանել։ Այլ պետությունում գրանցած անձնական օգտագործման իր տրանսպորտային միջոցն, ըստ օրենքի, քաղաքացին Հայաստանում կարող է վարել մինչև մեկ տարի։ Կորոնավիրուսի պատճառով երկարաձգված այդ ժամկետը սեպտեմբերի վերջին ավարտվում է՝ մեքենայատերերին հիշեցնում են մաքսավորները։
Լիլիթ Ղազարյան (ՀՀ ՊԵԿ ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ) - ֆիզիկական անձինք, ովքեր օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման ավտոմեքենաներ են ժամանակավոր ներկրել ՀՀ տարածք, պետք է այդ մեքենաները վերաարտահանեն մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Պետեկամուտների կոմիտեի որոշումը ԵԱՏՄ-ից է գալիս․․․ վերաբերում է երևանյան փողոցներում հանդիպող վրացական, իրանական, երբեմն նաև սիրիա-լիբանանյան համարանիշով մեքենաներին։ Քովիդի սահմանափակումների մեղմացումից հետո այժմ և՛ Վրաստանը, և՛ Իրանը չեն արգելում մարդկանց ու մեքենաների մուտք-ելքը։ Ռուսական ավտոները կարգավորման տակ չեն հայտնվում, քանի որ դրանք այստեղ ԵԱՏՄ տարածքում են։ Մեքենան հետ՝ գրանցման երկիր չտանողները կարող են տուգանվել խախտման օրվա դրությամբ մեքենայի մաքսազերծման վճարների ընդհուպ 50 տոկոսի չափով։ «Ժամանակավոր ներմուծում»-ով քանի՞ տրանսպորտային միջոց է հիմա Հայաստանում հաշվառված, դրանց թվում կա՞ն արդյոք վաճառքի համար բերածներ, որ մաքսազերծման ծախսից՝ տվյալ պահին գումար վճարելուց խուսափելու նպատակով են այդ ռեժիմն ընտրել՝ վիճակագրությունը ՊԵԿ-ում առանձնացված չէ։
Եթե հնարավոր չէ մեքենան վերաարտահանել, տուգանքից խուսափելու միակ տարբերակը մնում է մինչև սեպտեմբերի 30-ը հարկերն ու տուրքերը վճարելով՝ մեքենան մաքսազերծելը։