Զորքը և ոստիկանությունը ուժեղացված պարեկություն են իրականացնում Հավանայի և Կուբայի մյուս խոշոր քաղաքների փողոցներում՝ կանխելու կիրակնօրյա իրադարձությունների կրկնությունը՝ գրում է euronews-ը:
Երեք օր առաջ երկրում բռնկված բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում էին կոմունիստական ռեժիմի փոփոխություն, դաժանորեն ճնշվեցին ուժային կառույցների կողմից:
Իրավապաշտպանների խոսքով՝ հաստատվել է մեկ ցուցարարի մահը, ակցիաների մոտ 150 մասնակցի ճակատագիրն անհայտ է, ցուցարարների ձերբակալություններին հաջորդել են ընդդիմության ակտիվիստների ու լրագրողների ձերբակալությունները: Ազատության կղզում ինտերնետն անջատված է, ինչը բնակիչներին զրկել է տեղեկատվությունից:
Կուբայի իշխանությունները պնդում են, որ ցույցերն ուղեկցվել են վանդալիզմի գործողություններով, կողոպուտներով և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներով:
Պաշտոնական Հավանան համոզված է, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Վաշինգտոնը: Իսկ Կուբայի տնտեսական սուր ճգնաժամը վերջին 60 տարվա ընթացքում ԱՄՆ-ի իրականացրած պատժամիջոցների քաղաքականության արդյունքն է, որը խստացվեց Թրամփի վարչակազմի օրոք:
Մոնտեվիդեոյում, Լիմայում, Սան Խոսեում, Կոստա Ռիկայում, Մայամիում և երկրագնդի տարբեր այլ անկյուններում ակցիաներ են անցկացվել և՛ հաջակցություն Միգել Դիաս-Կանելի կառավարության, և՛ վերջին շրջանում Կուբայում ամենամեծ ցույցերի մասնակիցների: