Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի մարզում կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը:
Այս առնչությամբ ՏԿԵ նախարարության տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը 1lurer.am-ին մանրամասներ հայտնեց աղբավայրի շինարարության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբահանությունը կիրականացնի մեկ օպերատոր: Ավետյանը հայտնեց՝ կառուցվող աղբավայրը հնարավորություն կտա մարզում նոր աշխատատեղեր ստեղծել:
«Աղբավայրը նախատեսված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների համար, զբաղեցնելու է մոտ 24 հեկտար տարածք Հրազդանի աղբավայրի շուրջ: Այն կծառայի մինչև 25 տարի, բայց ավելի երկար ժամանակ կօգտագործվի որպես աղբավայր, քանի որ մենք ընթացքում աշխատում ենք աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների հետ և ավելի քիչ աղբ կունենանք աղբավայրում»,- տեղեկացրեց նա:
Նարինե Ավետյանն անդրադարձավ նաև սանիտարական և սովորական աղբավայրերի տարբերություններին:
«Սանիտարական աղբավայրը քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին համապատասխանող աղբավայր է, Հայաստանում գոյություն չունեն սանիտարական աղբավայրեր, իսկ եղած աղբավայրերը չունեն ստորգետնյա ջրերի մոնիտորինգ, չեն վերահսկվում այրումները, իսկ սանիտարական աղբավայրը ամբողջովին մեկուսացվում է, ցանկապատվում է, և թափառող կենդանիների մուտքը աղբավայր անհնար է, անգամ ստորգետնյա ջրերի աղտոտում հնարավոր չէ, քանի որ խողովակով կեղտաջրերի հավաքման մեխանիզմ է գործելու»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ աղբավայրը կառուցվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում: