ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի դրանից՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավար Ա. Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Ա. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:
Նկատի ունենալով, որ Գորիս համայնքի ղեկավար Ա.Ա.-ն ընդգրկված է եղել 20.06.2020 թ.-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքի ցանկում, և այն, որ «Հայաստան» դաշինքն արտահերթ ընտրությունների արդյունքում ձեռք է բերել պատգամավորական մանդատներ ստանալու իրավունք, ուստի, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրք 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 13.07.2021թ. միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար։
Հիշեցնենք, որ նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: